Jump to content

Էջ:White Varsenik.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կեցեր ես ծեր կնկա պես չենե է կծեծես,— պապասխանեցի՝ վերագտնելով բրտությունս։

Այտիս վրա եղունգներուն հետքերը կայրեին ու արյունը մեղմորեն կհոսեր, կզակս ի վար։

— Կատուի պես երեսս ճանկեցիր,— հարեցի խուլ ձայնով մը։

Առանց բանավոր պատճառի խաղաղեցավ ու իր ժպիտը աչքերուն խորը ավելի անուշ էր՝ քան արեգակի առաջին շողը անձրևեն վերջ։

— Հախ է,— մրմնջեց ժպտուն,— թաշկինակդ վո՜ւր է...

— Քեզի ի՞նչ թաշկինակս...

— Չունիս նե՝ առ իմինովս սրբե...

Հավանաբար այս խոսքերուն վրա էր, որ կոպերս փակված էին, քանի որ հաջորդ առավոտ արտասվածի պես, այդ նախադասությունը միտքս էր։ Ծառի մը տակ, արևին մեջ, կեցա ու վերսկսա շարժել այս երազին թելը՝ ճիշտ փրթած տեղեն։


Դեկտեմբերի տասներկու

Կեսօրին, ճաշի սեղանին վրա, գեշ միջադեպ մը ամբողջ օրս պղտորեց։ Օրը այնքան շքեղ էր, օդը այնքան ջինջ, որ երակներես կարծես գարունը երգելեն կվազեր։ Արշամին հետ պարտեզին խորը նստած էինք, արևին մեջ ու ծովը կդիտեինք, երբ ճաշի զանգակը հնչեց։ Ու ես, որ կարգապահության տիպար մը չէի, տեսնելով սիրած դասախոսներես մեկուն դեմքը, ոչ միայն աճապարանքով շարքի կեցա, այլև լռեցի։

Երկար ատենե ի վեր այդքան երջանիկ չէի զգացած ինքզինքս։ Ամբողջ դադարի ընթացքին Արշամ խոսած էր Ցոլակի մասին՝ ծայրահեղ խանդավառությամբ ու ինձ կթվեր, թե այդ անուշ ու վեհանձն աղջկան պատկերը աչքերուս դիմացն էր, ինձ կթվեր, թե զայն կնշմարեի Բերիո փողոցներուն մեջ, հիվանդապահուիի իր ճերմակ պարեգոտին մեջ, շեն ու հմայիչ։

— Գիշեր մը,— կպատմեր,— Պետրոսը բացակա էր, բայց Ցոլակին մորը պատճառավ իրար չկրցանք տեսնել։ Հուսահատ՝ անկողինիս վրա երկնցած կկարդայի, երբ մեկը