Jump to content

Էջ:White Varsenik.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրան տակեն թուղթ մը սահեցուց։ Մատիտով գրած էր՝ «Դուռդ բաց ձգես։ Կես գիշեր անց սպասեցի, բայց քունը հաղթեց սիրուս։ Ու կկարծեի թե երազիս մեջ էր, երբ շրթունքներուս վրա զգացի համբույրը...

Իսկ ես որ ոչ մեկ համբույր զգացած էի շրթունքներուս վրա, այսուհանդերձ երջանիկ էի։ Ծովը հեռուն կշողար ու արեգակին ճառագայթները կլվային մեր դեմքերը։ Նույն ճառագայթները ճաշարանի սեղաններուն վրա էին ու պնակներուն մեջ։ Երբեք ձմրան մեջտեղը նման մեղմահոս ու արփավետ օր մը կարելի չէր երևակայել։ Խորին զվարթությամբ մը տեղս գրավեցի ու Արշամին դարձա ընդհատված խոսակցությունը շարունակելու համար, երբ անգամ մը ևս աջ կողմի և դիմացի դրացիներս սկսան սովորական խաղը։

Քանի մը օրերե ի վեր հնարած էին այդ միջոցը՝ քանի մը բաժին ավելի կերակուր վայելելու համար։ Պնակները կմոտեցնեին իրարու անաղմուկ ու պարունակությունը կպարպեին մեկ հատի մեջ։ Հետո պարապ ամանները կդնեին սեղանին տակ։ Այս ամբողջ գործողությունը տեղի կունենար ընդամենը մեկ վայրկյանի մեջ, ու երբ հսկիչը կմոտենար՝ պարապ պնակները արդեն սեղանին տակը կըլլային։ Սեղանին ծայրը նստողները անմեղությամբ կըսեին, թե սպասարկողը երեք կամ չորս պնակ մոռցած էր ու ամեն անգամ խեղճ տղան բողոքելով ու շվարած՝ կերթար նոր պնակներ կբերեր ու նոր կերակուր։ Ճաշը վերջանալով, պնակները կբերեին իրարու: Վրա՝ վստահ ըլլալով, թե ոչ ոք պիտի համրեր զանոնք։

Հսկողը ամեն օր տարբեր դասախոս մը ըլլալուն՝ իրենց խաղը դեռ երևան չէր եկած։ Ու իսկապես հիանալի էր իրենց ճարտարությունը։ Իրենց դեմքերուն հետին մկանն իսկ չէր շարժեր այդ ամբողջ աճպարարության ընթացքին։ Ու թեև ես ու Արշամը համաձայն չէինք այդ արարքին, բայց համերաշխությամբ կշարունակեինք լսել, ցավելով միայն, որ ամեն ճաշի սպասարկողն էր, որ դիտողության արժանի կըլլար։ Ու չէինք գիտեր նաև, թե պարապ պնակները մեր ոտքերուն առջև կհրեին՝ երևան ելած պարագային պատասխանատվությունը մեր ուսին բեռցնելու համար։

— Օր մը աղմուկը մեր գլխուն պիտի պայթի,— ըսավ Արշամ: