Էջ:White Varsenik.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր հայացքը դեմքիս վրա համբույրի պես անուշ էր։ Կպատահեր նույնիսկ, որ հայրս երգեր հին, վաղեմի երգեր, որոնց հնչյուններում մեջեն մանկությունս կհեռազգար երազական, անիրական, ոսկյա մշուշներով ծածկված Հայաստան մը։ Անոնք, որ ծնած են Հայկական Բարձրավանդակին վրա կամ շուրջը, անոնք, որ ծնած են Արարատյան դաշտին մեջ կամ Եփրատի հովտին, Փոքր Հայքի կամ Գիլիկիո ծերպերուն մեջ, երբեք չեն կրնար զգալ, թե Հայաստան որքա՜ն գեղեցիկ կրնա ըլլալ Եվրոպա ծնած մանուկի մը երևակայության մեջ, երբեք չեն կրնար զգալ, թե Հայաստան որքա՜ն չքնաղ կրնա ըլլալ մեր վաղեմի երգերում մեջեն։ Ի՜նչ շնորհ, ի՜նչ կարոտ, ի՜նչ դյութանք, ի՜նչ անբացատրելի խորհուրդ այդ բառին մեջ իսկ՝ Հայաստան:

Կբավեր, որ հայրս իր քիչ մը ծերացած, բայց ճիշտ ձայնովը այդ հին երգերեն մեկը մռլտար, որպեսզի սենյակին մթնոլորտը լենար խորհրդավոր շշուկներով։ Գուցե Գայլ Վահանի զենքերում շկահյունն էր և կամ Սյունիքի վանքերեն մեկուն մեջ, իրիկնային ժամերգության ընթացքին, բուրվառին սրբենի աղմուկը, երբ սարկավագ մը զայն կուղղեր դեպի արևելք ու դեպի արևմուտք, դեպի հարավ ու դեպի հյուսիս։ Գուցե Ալանաց օրիորդ Սաթենիկին ճակտին ոսկիներն էին և կամ Արտավազդի շղթաներուն շառաչյունը, երբ ան կզայրանար զինքը պատանդ պահող հայոց աշխարհի ոխերիմ աստվածներուն դեմ։ Հետո հորս ձայնը կար, անփոխարինելիորեն հայկական ու հին։ Ինձ կթվեր, թե այդ ձայնովը կարելի չէր երգել ո՛չ մեր շինական մեղեդիները, ո՛չ հեղափոխական խանդավառ երգերը, ո՛չ ալ Կոմիտասյան հստակ ու զվարթ, կարկաչուն ու բնիկ դաշներգությունները, որ արդեն ցատկելով ծովեն կուգային, կողողեին մեր քաղաքը ևս։ Ինձ կթվեր, թե այդ ձայնը հատուկ էր գրաբար դյուցազներգությանը, աստվածաշնչական վեհափառ սաղմոսերգությանը ու այդ հնամենի, Հայաստան բուրող երգերուն։ Խորունկ լռության հատակեն մեղմ ալիքներով կելլեր այդ ձայնը մեր մանկությունը հուզելով, արտասուք բերելով մեր աչքերում։ Ավելի հետո միայն խոր դառնությամբ իմացա, թե այդ երգերը իրապես հին իսկ չէին: Օրինակ, հրաժեշտի սա մելամաղձիկ ու անուշ մեղեդին։