Jump to content

Էջ:White Varsenik.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շամ ֆրանսերեն Լառուս մը ուներ։ Նշանացի ուզեցի զայն: Բայց չէի գիտեր, թե ֆրանսերեն ինչպես կգրվեր Եդիպոս։ Հուսահատ դիմեցի Արշամին, որ պատասխանեց.

— Տառադարձության օրենքը կիրարկելով կրնաս դյուրությամբ գտնել։ Ի՞նչ է փնտռածդ։

Զարեհին թղթիկը անցուցի իրեն։ Պատասխանը չուշացավ:

— Նույն ընտանիքին անդամներուն միջև սեռային արարք տեղի ունեցած պարագային կգործածեն այդ բացատրությունը: Բայց թուղթը պատռե, Զարեհին ցույց մի՛ տար...

Այս փոքրիկ թղթի կտորը պատճառ եղավ, որ ողջ գիշերը խորին խանդաղատանքով մը հիշեմ զայն, թայց գորովիս կխառնվեր մեղքի անխոստովանելի շեշտ մը։ Իզուր մտքես կկրկնեի, թե լոկ հեռավոր ազգականներ էինք, թե մեղքի հետին նշույլն իսկ չկար գորովիս մեջ։ Տզրուկի մը պես այդ գաղափարը փակավ ինձ ու ողջ գիշերը տառապեցա անով:

Ազատության առաջին գարունը պիտի գա վերջապես։ Այս ի՜նչ անհանգստություն է ու ի՜նչ խռովք հոգուս խորը։ Զարմանայի աճապարանքով մըն է, որ կսպասեմ առաջին ծաղիկներուն, որ պիտի բողբոջին հոս ու այլուր։ Ի՜նչ ճշգրտությամբ կհիշեմ գարնան գալուստը մեր քաղաքին վրա: Վերջին ձյուները կքակվեին ու ձյունահալեն հետո՝ առաջին հեղեղները կխուժեին անդերն ի վար ու երբեմն շառաչաձայն կերթային ծով, քաղաքին փողոցներեն։ Աստ ու անդ կերեվեին ախոռներուն ու գոմերուն մեջ բանտարկված առաջին հորթերն ու առաջին գառնուկները։ Անասունները զվարթ աղմուկներով կխուժեին դուրս։ Երկրագործական աշխատավորները կսկսեին գարնանացանի ու ծաղիկները կբանային իրենը սիրուն աչուկները ծառերուն վրա։ Ու երբ առաջին տերևները, մատղաշ փթթումներով ծլեին, անպայման գարնան առաջին ուրախ անձրևը կուգար լվալու համար երկիրն ու բուսականությունը։

Երբ Արշամին կըսեի այս բոլորը՝ նրբորեն կժպտեր ու կըսեր, թե երիտասարդությունը գարուն է միշտ։