— Կկարծե՞ս, որ մարդ էակը երբևիցե կրնա հաղթել կյանքին։ Ամեն կյանք պարտությամբ կվերջանա...
Արշամ դեմքը դարձուց անոր ու ինձ թվեցավ, թե իր սովորական զվարթությամբ պիտի հեգնե զայն։ Բայց արտահայտությունը փոխվեցավ մեկեն ու գրեթե բարկությամբ է, որ պատասխանեց.
— Տեղ մը կարդացած ըլլալու ես այդ խոսքը...
— Ո՛չ,— ընդմիջեց Զարեհ նույն հուսահատ ձայնով։
— Այդ խոսքը կամ ուրիշ նման սնամեջ ու վտանգավոր էջեր։ Ո՛չ,— հարեց կրքով,— ամեն կյանք պարտությամբ չի վերջանար։ Պարտություն է միայն ամլությունը։ Ձեր աչքերը ո՞ւր են, ձեր գրպաններուն մեջ։ Այս բոլոր մշակված արտերը, ձառերը, որ կցցվին երկինք, հսկա նավերը, որ կճեղքեն ծովերը, մանուկները, գառնուկները, ծաղիկները, որ կծնին, ինչ ալ պատահի։ Երկրի վրա քայլ մը կարելի չէ ընել առանց հանդիպելու կյանքին։ Կյանքին՝ որ գետերուն հետ շառաչելեն կվազե, որ անձրևներուն հետ կթրջե երկիրը, որ ամրան ու աշնան՝ բոլոր պտուղներուն հետ կհասուննա։ Մահը գոյություն չունի, մահ չկա,— ավելցուց գոռալով,— կյանքն է որ դեմք, հագուստ ու ձև կփոխե, որ կոտրած ամանին տեղ նորին մեջը կլեցնե իր անմահությունը...
Եթե մեզմե մեկը չընդմիջեր զինքը՝ կրնար շարունակել այդ տաք ու գոռացող ձայնովը։ Ողջ անձը կդողար խանդավառութենեն ու իր բոլոր անդամները կմասնակցեին իր հոգվույն մակընթացության։ Ձեռքի լայն շարժումով մը լռեցուց Զարեհը ու նույն սաստկությամբ ըսավ.
— Կյանքին դեմքը մեկ չէ։ Ու ամեն անգամ, որ ան մորթ կփոխե, կնորոգե ինքզինքը, նոր կերպարանք կստանա, դուք կկարծեք, թե մահ կա։ Ի՜նչ մահ,— գոչեց զայրագին։ — Մատիս վրա վերք մը ունիմ, բջիջներ ու խումբեր, որ վիրավոր են, որ այլևս չեն կրնար կատարել իրենց դերը։ Մարմինս խորունկեն, նոր բջիջներ կստեղծե։ Դուք կորսված բջիջներուն վրա կմտածեք, ես միայն նորերը կտեսնեմ։ Այո՛, — պնդեց խորին հրճվանքով մը,— քայլ մը կարելի չէ ընել երկրի վրա առանց հանդիպելու կյանքին...
Փաշային հովանոցակին տակ նստած էինք, ես ու Զարե-