Էջ:White Varsenik.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խոսիլ իր բարի ձայնովը, որ երգի պես էր։ Երկրի վրա ուրիշ ոչ մեկ էակի շարժումները ադքան շնորհալի կրնային ըլլալ։ Ուրիշ ոչ մեկ էակի վրա կյանքը կրնար այդքան ջինջ ըլլալ։

— Այսուհանդերձ կարծես թե՝ մեր քաղաքեն աղվոր քաղաք չկա երկրի վրա,— ըսավ իր տրտում ժպիտովը։— Միայն, թե առաջին ամիսները դժվար պիտի ըլլան, մեր տունը ամայի պիտի թվի...

Աշխատանքը վերջացուցած էր։ Աթոռի մը վրա նստավ ու հեղակարծորեն աչքերը թրջեցան։ Վերստին, առաջին օրվան պես, ինձ թվեցավ, թե կյանքեն իսպառ պարտված էր։ Կուզեի մոտենալ ու քաղցր բառեր ըսել իրեն, բայց ես ևս պատրաստ էի լալու։ Դեմքս դարձուցի պատուհանին ու սկսա սուլել, պատրելու համար վիշտս։ Երբ տիրապետելով հուզումիս գլուխս դարձուցի, դուրս ելած էր արդեն։ Անձկանոք գացի մյուս սենյակին դրան առջև ու անտարակույս պիտի մտնեի ներս, եթե ձայնը չլսեի։

— Բաբկե՛ն, սպասե՛, հինգ վայրկյանեն կուգամ...

Իրիկունը դեռ հաճելի էր՝ երբ պտույտի ելանք։ Երկրի վրա ավելի քաղցր ժամեր կրնա՞ն ըլլալ միթե։ Փողոցներուն մեջ՝ շեն բազմություն մը խառնագնաց կհոսեր։ Առաջին անգամ ըլլալով՝ այդ օրը, ան թևս մտավ ու այդպես դեգերեցանք մինչև ուշ գիշեր, քրքրելով անցյալն ու ոգեկոչելով ապագան։ Ու չեմ գիտեր ինչո՞ւ անցորդները անընդհատ կդիտեին մեզ։ Երբ տուն վերադարձանք, լսեցի մեծ մորս, որ կըսեր.

— Եթե մեկը կա, որ կրնա ատ տղուն վրա շնորհք բերել ան ալ դուն ես, աղջի՛կս...

Գեթ այդ օրը՝ այդ ծեր կինը չէր սխալած։

Անկողնիս մեջ անքուն կտապլտկեի, հիշելով այդ հետմիջօրեն, երբ միտքս ինկավ անոր երգերեն փշուր մը։

Քիչ մնաց պիտի արտասվեի կարոտես ու տրտմութենես։ Արևը աչքերուս մեջ՝ կարթննայի ու այդ երգին քաղցրալուր հնչյունները կարկաչուն ջրերու պես կհոսեին վրաս։ Կըսեր, թե նորվեգացի երգահան մըն է,Կրիկ անունով։ Ավելի մեղմ, ավելի դաշն, ավելի նուրբ ոչինչ լսած էի կյանքիս մեջ։ Օ՜, այդ Սոլվեկին երգը, որ երակներուս մեջ կհոսեր արյանս ջերմությամբը։ Կըսեր թե Սոլմեկ հյուսիսի աղջիկ մըն էր,