կապտաչվի ու խարտիշահեր։ Ու երբ կերգեր անոր սերը՝ ինձ կթվեր, թե հյուսիսի ձյուները կհալեին ու արևը կպագներ անտառներուն կատարները։ Ողջ գիշերը արթուն մնացի այդ երգին պատճառավ։
13
Ո՞վ կրնա նախատեսել կյանքին խաղերը։ Եթե մեկը ըսեր ինձ, անցյալ տարի, թե այս աստիճան լուրջ ու անժպիտ տղա մը պիտի ըլլայի, հավանաբար խնդայի քթին, խոշոը ու փաղաքուշ հայհոյություն մը արձակելով։ Բայց այսպես է կյանքը։ Ես իսկ կզգամ, թե խորին լրջություն մը կա վրաս, լրջություն մը, որ կուգա տրտմութենես, որ միշտ հաճելի չէ։ Օր չանցնիր, որ Արշամ կշտամբանքով չհիշեցնե, թե նախկին կենսուրախութենես, զվարթ պատանութենես ոչ մեկ հետք մնացած է վրաս։ Ո՛չ ընկերներուս խաղերը, ո՛չ ալ անոնց պզտիկ հրճվանքները կշահագրգռեն զիս։ Ո՛չ թուղթ խաղայի, ո՛չ հայհոյելե, ո՛չ ալ ծխելե հաճույք կզգամ այլևս։ Ու եթե՛ մեկը ներկայությանս ամբարիշտ պատմություն մը ջանա պատմել ինձ կթվի, թե կուզե անարգել զիս, աղարտել խորունկ գորովս։
Ինչո՞ւ գրքերը այս աստիճան փոխեցին զիս։ Ինձ կթվի թե քունի մեջ էի, տարիներե ի վեր ու այժմ աստիճանաբար կարթննամ։ Ինձ կթվի, թե հակառակ արկածալի, անհավատալիորեն սանձարձակ պատանությանս՝ կյանքը չեմ ճանչնար դեռ։ Ամեն օր կբացվի միտքս՝ նոր աշխարհի մը վրա ու պատուհանի մը պես երկրին լույսը կընդունի։ Ամեն օր հոգիս կտվայտի նոր ու տարբեր տառապանքով մը։ Որքա՜ն- ծարավ ու անձկայրաց է հոգիս։ Ամեն առավոտ նոր պատասխանի մը կսպասեմ ու ամեն օր նոր վշտեր կունենամ։ Բայց ինչ որ զիս հուսահատության կմղե գրեթե՝ անցելույն հաճախանքն է: Ու քանի նոր գաղափարներու լույսին տակ միտքս կզորանա, այնքան վերքերս կխորունկնան։ Երբեմն, քունը նախորդող, գիշերային աղոտ պահերուն՝ երբ մեր մարմինը աստիճանաբար տեղի կուտա ընդարմացումին՝ մինչ հոգին կհսկե, մայրիկիս հետ կխոսիմ այնպիսի քաղցր բառերով, որ աչքերս կթրջին։ Կարծես թե ողջ ըլլար ու ես գլուխս դրած ըլլայի իր ծունկերուն վրա։ Կարծես, թե անոր ձեռքը