Էջ:White Varsenik.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


իրապես գեղեցիկ չէր, գուցե իմ գորովս էր, որ կգեղեցկացներ զայն։

Երբ Արշամ իր հարցումը կրկնեց, մտածումս ու կասկածս ըսի իրեն։ Ցուրտ հողին վրա ծալապատիկ նստավ ու անվարան պատասխանեց.

— Իմ մայրս ալ գեղեցիկ էր։ Հետևաբար պետք է ենթադրել թե՝ բոլոր մայրերը գեղեցիկ կթվին իրենց զավակներուն։ Արդեն իրական գեղեցկություն գոյություն չունի, քանի որ ամեն մարդ գեղեցկության տարբեր մտատիպար մը ունի: Կբավե, որ մեկը սիրես, որպեսզի ան գրավիչ թվի աչքերուդ...

— Ո՛չ,— պատասխանեց Զարեհ, անակնկալ վճռականությամբ մը,— ըսածդ ճիշտ է հոգեկան գեղեցկության համար, բայց մյուսը իր հավիտենական գծերն ու իր մնայուն պատկերն ունի... Իրական գեղեցկության շուրջ վեճ անգամ տեղի չի կրնար ունենալ։ Կբավեր նայիլ շլանալու համար...

Արշամ ելավ ոտքի ու սկսավ ըմբիշի մը պես կռվի պատրաստվիլ։

— Երեկվան լակոտը գեղեցկության հավիտենական գծերուն մասին կխոսի։ Ծո՛,— հարեց ծաղրությամբ,— քսան անգամ քեզի ըսի, որ բոլոր կարդացածներդ թութակի պես չկրկնես։ Ի՜նչ հավիտենական գծեր, ի՜նչ մնայուն պատկեր։ Կբավե, որ պատմության գիրք մը առնես ձեռքդ ու բաղդատես հունական արձանի մը նկարը՝ Ասորեստանյան որևէ քանդակի հետ, համոզվելու համար, որ գեղեցկության ըմբռնումը կտարբերի երկրե երկիր, ժամ անակե ժամանակ ու անձև անձ...

Զարեհ անհամբերությամբ շարժում մը ըրավ ու փորձեց պատասխանել։

— Մի՛ ընդմիջեր զիս,— գոռաց,— ու վիճիլ սովրե, թույլ տուր, որ նախադասությունս ավարտեմ։ Տե՛ս,— գոռաց վերըստին,— խոսքիս թելը կորսնցնել տվիր... Ամեն ինչ գեղեցիկ է երկրի վրա,— շարունակեց իր հաղթական ձայնովը,— ու ամեն ինչ իր տարբեր գեղեցկությունը ունի։ Գեղեցկությունը լուբիա՞ կարծեցիր, որ նժարով կշռես...

— Բաբկենը իրավունք ունի,— համարձակեցավ ընդմիջել մյուսը,— նյութը միշտ կտեղափոխես...