Էջ:White Varsenik.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարկ բուրումովը, տաքցնելով ծերերուն արյունը, ուրախացնելով երիտասարդները, քակելով լեզուներն ու կակղացնելով սրտերը։ Մերթ ընդ մերթ դուռը կբացվեր, քանի մը նորեկ նետելով ներս։

— Շեշ-ճիհար,— ըսավ Հայրապետ աղա ձգելով ղարերը:

Ու քիչ մը ձանձրույթով՝ ներսի պայմանադրական դուռը առավ, մինչ ընկերը դանդաղորեն ակնոցները կտեղավորեր։ Բայց հազիվ խաղը շահեկան դառնալ սկսած էր, երբ իր տասնմեկ տարեկան մանչը՝ Արշավիր, սրճարանին դուռը բացավ ու եկավ ականջին բան մր փսփսաց։ Գորովով՝ ձեռքին հակառակ կողմով ծեծեց տղուն գլուխը ու ըսավ.

— Ծէ՛, գառս, քանի անգամ քեզի ըսինք, որ բարևդ դպրոցը չմոռնաս...

Կես խստությամբ, կես հպարտությամբ կնայեր մանչուն, որ կերած տեղը կամչնար ու ոտք կփոխեր։ Հակառակ անհանգիստ ու անզսպելի բնավորության՝ քիչ մը երկչոտ էր: Իր խոշոր ու սև աչքերը կախած՝ կնայեր կոշիկներուն ու կսպասեր, որ հայրը ոտքի ելլե կամ ետ ղրկե զինքը։

— Աղեկ,— ըսավ Հայրապետ աղա,— ըսե որ ժամե մը կուգամ։ Ինչ խաղալիքս ալ մոռցա,— ավելցուց՝ դառնալով բարեկամին։

— Սապա ու տիվ,— ճշդեց մյուսը իր նույն հոգնած ձայնով։

Մութը իյնալու վրա էր արդեն, երբ բաժնվեցավ բարեկամեն ու ուղղվեցավ տուն։ Շեմերուն առջև դեռ տանտիկիններ կային, որ կշատախոսեին։ Գլխարկավոր երիտասարդ մը, որ դիմացեն կուգար՝ ծեքծեքուն քաղաքավարությամբ մը բարևեց զինքը, գլխարկը թեթևորեն բարձրացնելով գլխուն վրա։ Հայրապետ աղա բարևը ընդունեց, բայց մտքեն խնդաց, Պոլսեն եկած այդ հետիեին վրա, ինչպես կըսեին։ Ճամբուն մեջտեղը կեցավ, թապախան հանեց ու գլանիկ մը փաթթեց։ Նուրբ, համեղ, սաթի պես դեղին ծխախոտ մըն էր, առանց ջիղի, երկար, բարակ թելերով։ Նախորդ իրիկունը բարեկամ գյուղացի մը նվեր բերած էր իրեն ու առտըվնե ի վեր կծխեր, կծխեր ու չէր կշտանար։

Կառաջանար՝ չփչելով իրիկվան զով ու զվարթ զեփյուռը, որ ծովեն կուգար։ Երբ հասավ ծովեզերքը քերող պողոտան՝