գնաց կրթնեցավ քարե բազրիքներուն ու դիտեց հորիզոնը։ Անեզր ու կապույտ պնակի մը պես էր ծովը։ Հեռուն` Մարմարայի բացերը, կերևար շոգենավ մը։ Հավանաբար ավըստրիական բեռնատար մըն էր, որ կերթար Պոլիս առանց քաղաք հանդիպելու։ Քանի մը առագատանավեր հովին բերանը կդողային։ Եզերքեն քիչ մը հեռու ճանչցավ իտալական Լըվանթեն հյուպատոսին մակույկը։ Հավանաբար հյուպատոսին երկու աղջիկներն էին, որ կթիավարեին։ Արևը ընկղմված էր ջրերուն խորը՝ իր արյամբ բոսոր ներկելով երկնից մեծ պատառ մը։ Աքասիայի մը վրա, որ լրիվ ծաղկումի մեջ էր թռչուններ կճռվողեին։ Մոտակա տունե մը կհասներ երգի մը քաղցր սւրձագանքը։
Դեմքը ծովի հովին՝ կմտածեր զանազան ընթացիկ գործերու վրա, երբ լսվեց օրիորդ Հերմինեի ձայնը։ Ժպտուն դարձավ ետ ու բարևեց։
— Ես ալ ձեզի կերթայի,— ըսավ օր. Հերմինե,— Արշավիրին հետ լուր ղրկեցի որ պիտի հանդիպեմ։ Բայց քանի որ իրար գտանք, ոտքի վրա քիչ մր կխոսենք...
— Ատանկ բան կըլլա՞ մի,— պատասխանեց զվարթությամբ,— մեր կնկան ի՞նչ ըսենք հապա,— պե կնիկ, մեկտեղ կուգայինք կոր, ճամբան տեղ մը մնաց...
Քով քովի սկսան քալել։ Օրիորդ Հերմինե Բութանիո շրջանեն ազապ ուսուցչուհի մըն էր, որ ութը-տասը տարե ի վեր կծառայեր թաղին վարժարանը։ Վա՜րսենիկին պատճառով, զոր հարազատ քրոջ մը պես կսիրեր, բարեկամացած էր ամբողջ ընտանիքին հետ ու գլխավորաբար իր դրդումին շնորհիվ էր, որ Հայրապետ աղա որոշած էր աղջկան երկրորդական կրթություն տալ։ Ստանձնած ըլլալով նաև հարկ եղած դիմումը ընելու հոգը, եկած էր տեղեկություն տալու արդյունքի մասին։ Խնդրո առարկա գիշերօթիկ վարժարանին ուսուցչուհիներեն մեկը իր բարեկամուհին էր ու կուզեր Վարսենիկը անոր հոգածության վստահիլ:
— Մորաքույրը եթե Պոլիս չըլլալ,— ըսավ Հայըապետ աղա,— քիչ մը բարակը կփնտրեի ղրկելե առաջ։ Աղջիկ-զավակ է վերջապես, բայց շաբաթ իրիկունները և կիրակին մորաքրոջը տունը անցնելե հետո՝ չեմ կարծեր, որ շատ նեղվի շաբթու մեջ...