սափելի ցավ մը, դաշույնի մը պես խրեցավ կուրծքիս ու ինձ թվեցավ, թե պոռացի։
Արշամ ոտքի՝ անկողնիս մոտ էր ու քաղցրորեն կժպտեր ինձ։
Այս գիշեր ևս երազ մը տեսա, բայց չեմ համարձակիր զայն գրի առնել այս տետրակին մեջ։ Անշուշտ հանցավորը Արշամն էր։ Չեմ գիտեր ուրկե՞ հաջողած էր Պոքաչիոյի Տասնօրյակը ձեռք ձգել։ Ճաշեն հետո, աչքով նշան ըրավ ինձ ու զիս առաջնորդեց պարտեզի վարի հարկը՝ անկյուն մը։ Քարե սանդուխի մը տակ էր, պատսպարված հովեն ու սակավիկ մը արևը, որ ուղիղ կուգար վրանիս, կբավեր որպեսզի չդողդոջեինք ցրտեն։ Հաճախ լսած էի այդ գրքին մասին, բայց բնավ ջանք չէի թափած զայն գտնելու համար։ Ու իրողության մեջ հետաքրքրությունս նույնքան անհամբեր էր, որքան Արշամինը։ Երկուքս ալ կդողայինք ամոթե ու հաճույքե։ Ու այն աստիճան մխրճած էինք մեր ընթերցումին խորը, որ զանգակին ձայնը չլսեցինք։
Ու այս ակամա զանցառությունը առիթ տվավ նոր հանդիմանությանը, որոնց մասին ավելորդ է խոսիլ հոս։
Տղաքը բոլորը կննջեն։ Հսկիչին մեկնելեն հետո, զգուշությամբ մոմս վառած էի ու այս տողերը կգրեի, երբ նրբանցքին մեջ քայլելու նոր աղմուկ մը ելավ։
Հապճեպով մարեցի լույսս, բայց քայլերը հեռացան ու ինձ թվեցավ, թե այդ հսկիչը բարեմտությամբ աչք կգոցեր անկարգապահությանս վրա։ Ուրեմն, կրնամ վերջապես սկսիլ գրի առնել մեր հարցումներն ու անոնց պատասխանները։
Որոշած եմ զանոնք արտագրել առանց խորհրդածության ու առանց ավելորդ լուսաբանությանց։ Նախ, որովհետև հարկ եղածին չափ ժամանակ չունեմ ու երկրորդ՝ վստահ եմ, թե կարճ պատասխանները ավելի ազդու են, ավելի հատկանշական։ Մարդ քանի քրքրե, մանրամասնն իր կարծիքը, այնքան կհեռանա իր մտածման առաջին ժայթքումեն։ Անակնկալ պատասխաններն են միայն, որ կրնան լիովին անկեղծ ըլլալ: