Էջ:White Varsenik.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Որոշած եմ չըսել նաև, թե որոնք են մեզմե յուրաքանչյուրին հարցումներն ու պատասխանները, որպեսզի ավելի ուշ, եթե անշուշտ այս տետրակը օր մը չփչացնեմ, բոլոր նախորդներուն պես, կարենանք երեքով զվարճանալ, որոնելով մեր երիտասարդական գաղափարները։

Հարցումներ
Ի՞նչ հատկություններ պետք են, հաջողելու համար կյանքին մեջ:
Պատասխաններ

ա) Ո՞ր հաջողության մասին է խոսքը։ Նախ՝ պետք է ճշդել, թե ի՛նչ կնշանակե կյանքի մեջ հաջողիլ բացատրությունը։ Ամեն մարդ իր հաջողելու եղանակը ունի ու իր ըմբռնումը կյանքի մասին։ Չեմ կարծեր, որ ընդհանուր հատկություններ ըլլան, որ արտոնեն ամեն կալվածի մեջ հաջողությունը։ Մեծ զորական մը ու հանճարեղ բանաստեղծ մը նույն հատկություններով չէ որ կհաջողին։ Երբեմն ի՛նչ որ մեկը հաջողություն կկոչե, ուրիշ մը արգահատանքի արժանի կգտնե լոկ։ Բացի այս բոլորեն՝ հաճախ արտաքին պայմաններն են, շրջապատը և ուրիշ ազդակներ, որ կորոշեն անհատի մը հաջողությունը։ Բնական կամ ստացական հատկություններու դերը հաճախ կսահմանափակվի՝ պայմաններու բերումով։ Բայց եթե անպայման ուզենք այս անորոշ հարցումին ընդհանուր պատասխան մը տալ, կրնանք ըսել, թե կյանքի մեջ հաջողած է ան, որ կրցած է իր երիտասարդական խանդավառություններն ու գաղափարները իրագործել։ Իսկ իրագործման գլխավոր պայմանը իր անխախտ հավատքն է կյանքին վրա ու իր գաղափարականին:

բ) Կյանքի մեջ հաջողած մարզիկը համակրելի չեն։ Ու ոչինչ կնշանակե կյանքի մեջ հաջողիլը։ Իրապես մեծ անհատները ո՛չ մեկ հաջողութենե կգոհանան ու միշտ կվերսկսին, քանի որ ամեն ինչ կիսատ ու անավարտ է կյանքի մեջ։ Հարցումը շահեկան չէ։ Իսկ եթե խնդրո առարկան նյութական հաջողությունն է, է՛ն ճարտար ու է՛ն մեծ գողը է՛ն աջողակը կարելի է համարել։ Բոլոր գրքերս գրավի կդնեմ, որ այս հարցումը Արշամի խելապատակեն ելած է։

գ) Կյանքի մեջ հաջողիլ կնշանակե՝ հաղթել մարդոց ու շրջապատի պայմաններուն։ Արդ՝ չկա հաղթանակ մը առանց