Էջ:White Varsenik.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու ըսած էր, իր սովորական, տարիքը առած մարդու խուլ ձայնով.

— Շաբաթ օր մարդ խոսք-կապի գացեր է Պազազենց Մանուկ աղային տունը։ Աղջիկը չեմ տեսած, ամա մարը-հարը շնորհքով մարդիկ ին։ Վաղը նշանտուքը ընինք տէ՝ խալսինք... Մորդ աչքը խածեր է նե՝ աղեկ աղջիկ ըլլալու է, հե...

Նշան, որ արդեն երեսունհինգ տարեկան մարդ էր, հորը առջևը ամոթեն աչքերը կախած էր գետին ու գլխով հավանություն հայտնած։ Բայց իր կյանքին այդ կարևոր ու նոր եղելության առջև՝ իրական հուզում մը կցնցեր մարմինը։ Հազիվ իր ապագա կնոջ ձայնը կճանչնար՝ բայց վստահ էր, խորապես հավատացած էր, որ մայրը չէր կրնար սխալած ըլլալ։ Ու արդարև տասը տարվան կենակցությունը լոկ ամրացուցած էր այդ կույր վստահությունը։

Այդ ամուսնության հետևանքով էր, որ Սահակ աղայի և Հայրապետ աղայի անձնական ծանոթությունդ վերածած էր ընտանեկան բարեկամության։ Նշանի կինը Աննիկ հանըմի մորաքրոջը աղջիկն էր։ Հետագային այդ բարեկամությունը ավելի ամրացած էր որոշ գործակցության մը շնորհիվ։ Այդպես էր, որ երեք եղբայրներեն որևէ մեկը, շաբաթ չէր անցեր, որ չհանդիպեր Հայրապետ աղային գրասենյակը, որևէ արմտիքի Պոլսո գինը հարցնելու կամ մեծ վաճառում մը սակարկելու համար։

Երբ Հայրապետ աղա իր ընտանիքով ներս մտավ՝ ամբողջ տունը խրախճանքի մեջ կթվեր։ Պարտեզին դրան առջևեն մինչև ներս բազմությունը կհորդեր։ Դեռ պարտեզին կեսը չհասած, Աղսաբեթ հանըմ դիմավորեց հյուրերը, թեև օրենքը չպահանջեր ատիկա։ Ու իր հետքերուն վրա տնեցիներուն մեծ մասը թափեցան դուրս, դիմավորելու համար մյուս թաղի հյուրերը։ Հարսնավորները իրենց թափորին հետ կես ժամե ի վեր հասած էին արդեն, ինչպես նաև Առաջնորդ Սրբազանը, երկու քահանաներու հետ։ Ու ամեն ոք կսպասեր վերջին հրավիրյալներուն, արարողության ներկա ըլլալու համար։

Գիշերը քիչ անգամ կրնար ադքան քաղցր ըլլալ երկրին վրա։ Լուսնկան կօծեր ամբողջ պարտեզը, ասուպ մը ինկավ ղզյարենիի մը վրա։ Գեթ այդպես թվեցավ Վարսենիկին։ Նռենիին վրա, որ կեղերեր պատը, կայծոռիկներ անուշ ցոլքեր