|
Զվարճացած՝ այդ ստահակ եղանակին պատճառով, ժպտեցավ։ Արցունքները սրբեց ու կուրծքը ցցած շնչեց գիշերվան հովը։ Ու նույն աննկարագրելիորեն անուշ դողը մեջքեն բարձրացավ ու դողաց կուրծքերուն վրա։ Չկրնալով մեկնել, ըմբռնել այդ եզակի հաճույքը՝ գլուխը դարձուց ու հայացքը ինկավ Երվանդին վրա, որ լուռ կրթնած էր պատի մը ու նույն անսովոր հայացքովը զինքը կդիտեր։ Ու այդ հայացքը բավեց, որ հեղակարծորեն հիշե Գող-Տոնիկի խորամանկ գազանի սովահար նայվածքը: Վախեն դողդոջեց ու բնազդաբար զգացած հաճույքին ու այդ վախին միջև զգաց անտեսանելի կապ մը։ Իր նորազարդ ու դեռ անգետ իգությունը աստիճանաբար արթնցավ, այդ քանի մը վայրկյանի ընթացքին ու շատ մը բառեր, որոնց նշանակությունը մինչ այդ չէր ըմբըռնած, սկսան հասկնալի դառնալ: Իր աղվոր դեմքը վերագտավ իր անաղարտ գեղեցկությունը և մարմենը կարծես թե հանգըստացավ։ Բայց հեռուեն-հեռու կհիշեր Գող-Տոնիկի բառերը ու աղոտ զայրույթ մը կարթննար հոգվույն խորը, հպարտության հետ խառնված՝ անորոշ բարկություն մը:
Վերադարձավ մորը և քրոջը մոտ, դեմքին վրա զգալով Երվանդին ակնարկը։ Հայացքը բարձրացուց ու հանդգնությամբ գիտեց զայն, ինքն իսկ զարմանալով այդ համարձակության վրա։ Ուշադրությամբ զննեց զայն, մինչև որ Երվանդ դեմքը անդին դարձուց։ Ու հիշեց որ անգամ մը, անցյալ տարի ձմռան, մեծապես օգնած էր իրեն գրահաշվի դժվար խնդիր մը լուծելով։ Դուրսը կակուղ, փափուկ, բամպակի մը պես ձյուն մը կնստեր պարտեզին վրա ու փողոցին մեջ։ Ընթրիքեն հետո վառարանին քով՝ իր և քրոջ հատուկ սեղանին առջև նստած կաշխատեր այդ անտանելի խնդրին վրա, երբ Երվանդ մյուս թաղեն եկավ, հորը հետ կարևոր գործի մը առթիվ տեսակցելու։ Անկյուն մը քաշված կխոսեին, երբ ինք ջղայնացած ու հոգնած գնաց հորը խորհուրդ հարցնելու։
— Աղջի՜կս, — ըսավ հայրը, — բնավ տրամադրություն չունեմ, ուրիշ ատեն մը...