Էջ:White Varsenik.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դասերնիս վաղը կեսօրեն հետո է, հայրիկ...

Բայց հայրը բնավ այն կողմերը չէր։ Ահա այդ ատենն էր, որ Երվանդ ժպտուն տետրակը առջևը քաշեց ու արագ ակնարկ մը նետեց խնդրին վրա։ Իսկ ինք մտքեն կխնդար, որովհետև բոլորին պես կկարծեր, թե անուս տղա մըն է։ Բայց երբ գրչի արագ հարվածով մը Երվանդ խնդիրը լուծեց ու բացատրեց, ոչ միայն ապշեցավ, այլև ամչցավ։ Լռությամբ տեղը գնաց ու ամբողջ ժամանակը նայեցավ անոր խիստ դեմքին։

Արդարև ո՛չ միայն լռակյաց, այլև զարմանալի տղա մըն էր Երվանդ։ Թաղին վարժարանը անձայն-անշշուկ, բայց հաջողոլթյամբ վերջացուցած էր, առանց ոտքը հորը արտեն կամ ախոռեն կտրելու։ Առտու իրիկուն զայն կտեսնեին Սահակ աղայի ձիերուն ու եզներուն հետ։ Հաճախ ինք էր, որ զանոնք ջրի կտաներ, կամ իրիկվան արևին մեջ, ձիերը մեկիկ-մեկիկ կհաներ դուրս թիմար ընելու համար։ Ժողովուրդը փոքր տարիքեն զայն անընդհատ երկրագործական աշխատանքներու վրա տեսած ըլլալով, կկարծեր թե պարզ գրել-կարդալ մը սովորելու համար է, որ դպրոց կերթա։ Բայց հազիվ նախակրթարանը ավարտած՝ մտած էր տեղվույն յոթնամյա պետական իտատիեն ու լռիկ մնջիկ ավարտած էր զայն, դասարանին մեջ առաջին հանդիսանալով։ Ու այս բոլորը միշտ բնական պարզությամբ մը, առանց ուշադրություն հրավիրելու։ Մնաց որ հազիվ թե քանի մը անգամ զայն ուսանողական համազգեստով տեսած էին ու որովհետև մարդու իր դպրոցական աշխատանքներու մասին չէր խոսեր, ժողովուրդը կշարունակեր իր մեջ տեսնել լոկ Սահակ աղային տղան, որը ըռենչպերութենե վազ չանցնիր։ Բացի այդ քաղաքին մեջ առածի կարգ անցած էր իր սակավախոսությունը։ Տեսակ մը հարգանքով է, որ մարդիկ կխոսեին իր կանխահաս լրջության ու բարքերու խստության վրա։ Ոչ ծխել, ոչ ալ խմելը տեսած էին։ Միայն հայրն էր, որ կատակի կառներ զայն։

— Փութ-փութ է, քյոփօղլուն, խոսքը բերնեն քելփեթինով պըտը քաշես...

Աքցանով իսկ բառերը կարելի չէր քակել շրթներեն։ Իտատիե են, որ ծովեզերքին մոտ կգտնվեր, հրեական թաղը կըտ-