Jump to content

Էջ:White Varsenik.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շշուկին հատակեն բարձրացավ թեթև ու պչրոտ եղանակ մը։ Գլուխը դարձուց ու դաշնակին առջև տեսավ մանկամարդ աղջիկ մը, որ խու զվարթությամբ մը կխաղար ստեղանիներուն վրա։ Ի՜նչ զվարթ ու թռչուն էր այդ եղանակը։ Կարծես սեղաններուն վրայեն կցատկեր ու երիտասարդ կիներու երկար շրջազղեստներուն շուրջ կպարեր։ Զվարթ էր նաև նվագող աղջիկը։ Եղանակին գլգլան նոթերուն հետ սիրուն շարժումներով կթոթվեր խարտիշահեր գլուխը ու կիսանդրին կդողար շնորհալի ցնցումներով։

Հրապուրված նվագեն՝ բարձրացավ ու մոտեցավ դաշնակին։ Ամե՜ն ինչ թեթև ու քաղցր կթվեր շուրջր։ Նավը որ խաղաղությամբ կսահեր այժմ, մեքենաներուն հեռավոր ու անորոշ աղմուկը, արդուզարդերուն թրթռուն ու նուրբ գեղեցկությունը, որ երիտասարդ եվրոպացի կիներուն կուտար տարաշխարհիկ ու անիրական հրապույր մը։ Կարծես երկրի վրա չէր, այլ կախարդական ափերու մոտ, ուր կիները երփներանգ ու մեծ թիթեռնիկներու կնմանեին, շարժումներու կատարյալ ու դյուրասահ ազատությամբ մը, ուր լույսերը գունավոր ու թափանցիկ էին, ուր կյանքը երազի պես անիրական ու մոգիչ էր։

Եղանակը հազիվ դադրած էր, երբ ինքզինքը գտավ դաշնակին առջև, նվագող աղջկան դիմաց։ Պայծառ ու ծավի աչքերով մանկամարդ հելլենուհի մըն էր, որ կնայեր իրեն։ Թեթև մը շառագունեցավ ու կուզեր հեռանալ, երբ աղջիկը ֆրանսերեն բան մը հարցուց իրեն։ Շփոթած ու հուզված էր ու քանի մը երկվայրկյան հետո միայն, կոչում ընելով դպրոցը սորված թերի ֆրանսերենին, հասկացավ, որ կհարցներ, թե արդյոք կուզեր նվագել։ Ամչնալով ըսավ, թե՝ քիչ մը գիտե միայն, շատ քիչ մը ու մեքենաբար մազերը շտկեց, մինչ աղջիկը կհամառեր չարաճճի հայացքով մը զինքը գննել։ Հետո կրկին բան մը հարցուց ու ինք վերստին դժվար ճիգով մը ըմբռնեց հարցումը։ Քաղցր հուզում մը կթոթվեր ամբողջ մարմինը։

— Պոլիս դպրոց պիտի երթամ,— ըսավ հայացքը պահելով։

— Անունս Հելեն է,— ըսավ աղջիկը խնդալով,— իսկ ձե՞րը...