— Վարսենիկ,— պատասխանեց վարակվելով Հելենի զըվարթութենեն։
Ի՜նչ նուրբ, ի՜նչ ազատ շարժուձևերով, ի՜նչ հաճելի աղջիկ մըն էր Հելեն։ Ու ինչ համարձակությամբ կշարժեր սրահին մեջ։ Ու ի՜նչ բնական դյուրությամբ մը բարեկամացավ իրեն։ Բառերը իր բարակ մատներովը կարծես Վարսենիկին շրթունքներուն վրա կդներ, դյուրացնելու համար խոսակցությունը։ Իսկ Վարսենիկ կզարմանար ու կհրճվեր տեսնելով այդ աստիճան տաքարյուն, անուշ հույն աղջիկ մը։ Քաղաքին մեջ հույներու և հայերու միջև բարեկամությունը եզակի երևույթ էր: Ամե՛ն օր արմուկ֊արմուկի կարելի էր ապրիլ հույներու հետ, առանց բարև֊ աստծուբարինեն անդին անցնելու։ Ու իրոք կարելի չէր տանիլ անոնց ինքնահաճ դոռոզությունը, կարելի չէր հաճությամբ կենակցիլ անոնց սնամեջ հպարտության հետ։
Ընթրիքեն հետո միասին բարձրացան նավուն ամբարտակը։ Անձրևը դադրած էր, ու երկինքը խորունկ ու կապույտ էր այժմ։Ցուրտ հով մը կար սակայն, որ զվարթ գոչյուններով կծեծեր նավուն երկաթե պատերը։ Բայց ի՜նչ հաճելի էր գիշերը։ Անձրևը կարծես լվացած, մաքրած էր նավը։ Վեհերոտ աստղեր հատիկ֊հատիկ կծլեին վերը ու աչք կքթթեին իրենց։ Սպիտակ կիսալուսին մը կար ու գրեթե խաղաղ, ծավի ծով մը։ Երկարորեն կեցան երկնքին և ջուրի այդ անհորիզոն տարածության միջև ու լռությամբ դիտեցին նավուն հանդարտ երթը, ալիքները, որ կծեծեին զայն իր կողերուն վրա ու որիները, որ կթափառեին իր կայմերուն շուրջ։
Հովը եկավ ու գրկեց զիրենք, ուռեցուց իրենց շրջազգեստները։ Վարսենիկ զայն կզգար պարանոցին, ուսերուն ու կուրծքերուն վրա։ Կդողար ու երջանիկ էր՝ զգալով ծովուն տարերային ուժն ու վայրի գեղեցկությունը։
— Օ՜,— հծծեց Հելեն՝ ցույց տալով լուսավոր կետ մը,— տե՛սեք, նավ մը, որ Պոլսեն կուգա... Ի՜նչպես կտատաներ այդ լուսավոր կետը, կերերար ու կհառաջանար։ Գիշերվան մեջ իրապես խորհրդավոր բան մըն էր այդ հեռավոր լույսին աստիճանական գալուստը։ Վարսենիկ չէր կրնար ակնարկը հեռացնել այդ մշտաշարժ