Էջ:White Varsenik.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակառակ անձրևին, բոլոր նավամատույց եկած էին, բո՛լորը: Մինչև վերջին վայրկյանը ընկերուհիները փեշերեն կախված կշաղակրատեին, մինչ մայրը կուլար։ Մինչդեռ ինք՝ ուշադրությամբ կնայեր հորը ժպտուն դեմքին ու քանի բաժանման րոպեն կմոտենար, այնքան ավելի կսիրեր զայն։ Բայց ի՛նչ որ ամենեն շատ զինքը կուզեց՝ պզտիկ եղբորը արարքն էր։ Լռությամբ կեցած էր մեկ կողմ ու ինք գրեթե մոռցած էր զայն, երբ մակույկ նստելու վայրկյանը հասավ։ Նավը խարսխած էր քիչ մը բացը։ Հայրապետ աղա արդեն մակույկ մը վարձած էր ու կուզեր մինակ ընկերանալ աղջկան, անձրևին պատճառավ։ Ներկաները համակերպած կպատրաստվեին ողջագուրել Վարսենիկը, երբ Արշավիր գրեթե պոռալով ըսավ.

— Պա՛պա, ես ալ ղայրխ պըտը նստեմ...

Ի՜նչ սիրուն, ի՜նչ համակրելի էր այդ վայրկյանին անպիտան տղուն դեմքը։ Անձրևին տակ կեցած էր ու կարծես երիտասարդ ցուլի մը պես կպատրաստվեր պայքարի։ Վարսենիկ արագությամբ վազեց վրան, բազուկներուն մեջ գրկեց զայն ու այտերուն վրա համբուրեց։ Բայց Արշավիր նեղացավ կամ նեղանալ կեղծեց ու շուկատ ձայնով մը ըսավ.

— Էրեսներս թրջեցիր քա՛ ...

-Աս տղադ մարդ ըլլալիք չունի,— ըսավ Աննիկ հանըմ ամուսնին։

Իսկ ինք վշտացավ հոգվույն խորը։ Կկարծեր, թե Արշավիր կուզե մակույկ նստիլ իրեն ընկերանալու համար, մինչդեռ ստահակը կմտածեր լոկ իր «չորս պաճալը Նեմցեին» վրա։ Գեթ այդպես թվեցավ իրեն։

— Քուրը սիրելուն համար չէ,— ըսավ Հայրապետ աղա ժպտուն,— շոգենավը տեսնել կուզե։ Ինչ է նե, էկու տեսնեմ, հաշիվդ տունը կմաքրենք...

Այդ ատեն էր, ա՛հա, որ անսպասելի բան մը պատահեցավ։ Աոշավիր լռությամբ քաշվեցավ մեկ կողմ, դեմքը կախեց ու հոնքերը պռստեց։ Քենով, գրեթե զայրույթով կնայեր հորը ու հայտնապես կուզեր հեռանալ: — Հա՛տե ծե քյոփօղլլու, նազ մի աներ իշտե,— կատակեց հայրը։