Բայց քանի հայր ու մայրը կպնդեին, Արշավիր այնքան կզայրանար։ Կարծես պիտի արտասվեր անպիտան տղան։ Տրտմությամբ կնայեր իրեն ու ինք կուզեր անոր սիրուն դեմքը ճմրթկել, այնքան շատ կսիրեր զայն այդ վայրկյանին։ Մեկ-քանի տարիե ի վեր տեսնված բան չէր, որ այդ ստահակը լար։ Երբ պայուսակները տեղավորեցին ու հայրը մակույկին մեջեն ձեռքը երկարեց իրեն, որ ցատկե, ինք բնազդաբար նայեցավ պզտիկ եղբորը, որ վազեց վրան, թևերը երկարեց, փաթթվեցավ վզին ու արցունքներուն մեջեն համբուրեց զինքը։Կուրծքին վրա կզգար անոր կուրծքին ելևէջը ու արտասուքի կաթիլները կթրջեին իր դեմքը։ Գիտեր, որ Արշավիր կսիրե զինքը, բայց չէր հուսար, որ ընդունակ է սիրո նման արտահայտության մը։ Մինչ այդ՝ մեծցած էր ազատ անասունի մը պես, գրեթե մերժելով զինքը շրջապատողներուն գորովը, այնքան հախուռն, սանձազերծ ու խոլ էր իր մանկությունը։ Ի՛նչ որ կսիրեր բիրտ խաղերն էին, կռիվը, արտերն ու փողոցը ու տան մեջ՝ գլխավորաբար Թաթարը, որուն հետ օրն ի բուն կգզվըտեր պարտեզին արահետներուն վրա։ Այդ նո՛ւյն Արշավիրն էր սակայն, որ կդողդոջեր կուրծքին վրա։
— Ե՞րբ քաղաք պըտը գաս, Վա՛րսենիկ,— հարցուց՝ ձեռքի հակառակ կողմով արցունքները սրբելով։
— Զատկի արձակուրդին, աղվորս,— ըսավ ինք՝ անոր սիրուն գլուխը շոյելով։
— Ինծի և Սիրանուշին զատեն նամակ պըտը գրես հա՛,— հրամայեց գլուխը թոթվելով։
— Այո՛ , անո՛ւշս,— պատասխանեց՝ այլևս չկրնալով հուզումը զսպել ու լալով։
Ձեռքերուն մեջ առավ անոր երիտասարդ կորյունի թուխ դեմքը ու աչքերուն վրա համբուրեց։ Արցունքներուն մեջեն կժպտեր ու վարսերը կխառներ, չկրնալով իր զգացած սերը հագեցնել կճմրթկեր դեմքը, իր համբույրներովը կթրջեր զայն։
— Ամե՛ն ամիս առանձին նամակ պիտի գրեմ երկու֊ քիդ,— ավելցուց ինք,— բայց դուն ալ պիտի պատասխանես...
Չէ , ճանըմ,— հարեց հայրը խնդալով,— ի՛նչ լեզվով