Jump to content

Էջ:White Varsenik.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի գրե յա՜, օտալարի հայերենո՞վ, կեսը՝ տաճկերեն, կեսը՝ քյուֆյուր...

Մայրը բաժնեց զիրենք ու ինք նավակ ցատկեց։ Ամբողջ մարմնով կդողար ու եթե չամչնար մակույկավարեն՝ հորը կուրծքին վրա պիտի հեկեկար, այնքան սիրտը ելած էր։ Մինչև նավուն կամրջակը՝ աչքը չկրցավ հեռացնել նավամատույցեն, ուր ողջերթի եկողներուն թաշկինակները կնմանեին ճերմակ ծաղիկներու։ Երբ խուցին մեջ պայուսակները տեղավորեց ու իրեն ընկերակցող տիկնոջ հետ վեր բարձրացավ՝ շոգենավը կպատրաստվեր խարիսխը վերցնել։ Տհաճելի աղմուկ մը կար շուրջը։ Անձրևը կշարունակեր տեղալ ու նավամատույցը հազիվ թե կարելի էր նշմարել։ Հոգվույն խորը անձկությունը ամպի պես կկուտակեր։ Մեկնելե առաջ հայրը գրկեց զինքը ու այտերուն վրա համբուրեց։ Հակառակ անոր, խաղաղ դրսևերույթին, կզգար թե հուզված է։ Մազերուն վրա զգաց անոր խոշոր ձեռքը ու սիրտը քակվեցավ։

— Աղջի՛կս, նա՛յե որ աշխատիս,— ըսավ հայրը,— երեսնիս ճերմակ հանես...

— Այո, հա՛յրիկ,— ըսավ ինք հեծկլտալեն։

— Երթալիքդ մեծ, ծովի պես քաղաք է, աստեղի պես ամեն տեղ դուռ֊դրացի, բարեկամ չկա: Հասուն աղջիկ պըտը ըլլաս ալ, մազերդ երկար ին՝ ամա խելքդ շատ կարճ չէ։ Վրադ վստահություն չունենայի նե՝ չէի ղրկեր, գի՛տցած ըլլաս։ Պոլիսը հե՛մ աղեկ, հե՛մ ալ գեշ քաղաք է, պատիվիդ ուշադրություն ըրե, աղջի՛կս...

Արցունքե թրջված դեմքը բարձրացուց հորը դեմքին, հուզումեն ամբողջ մարմնով կդողար։ Կարծես թե այլևս չպիտի տեսներ հորը բարի ու ապահովություն ներշնչող դեմքը, այլևս չպիտի լսեր անոր տաք, տարիքը տեղը մարդու ձայնը։

— Թեյզեիդ խոսքեն դուրս չելլես, աղջի՛կս։ Բան մըն ալ ըսիմ ականջիդ օղ ըրե։ Կուզիմ քի չամչնաս, գավառացի է չըսին, փարադ անպակաս պըտը ըլլա, շենք-շնորհք մորաքույրդ պըտը հագվեցնե քեզ։ Ամա հետդ վագանձին մոտա բաներ չբերես, ինտոր կերթաս կոնե, անանկ ալ պըտը դառնաս։ Նե՛ մարդ, նե՛ ես անանկ թեթև, զըրզոփ բաները չենք սիրեր, նայե որ մայրիկիդ ցավ չպատճառես, դասերուդ մեջ հաջող ըլլաս...