Էջ:White Varsenik.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լույսը ներս կծորեր, անտարակույս օրիորդը քնացած չէր դեռ։

Սկիզբը գրեթե հակակրած էր այդ ձեր, տունը մնացած աղջկան, բայց այժմ բոլորեն բարձր կդասեր զայն։ Ո՛չ ոք ավելի խիստ էր դպրոցին մեջ՝ քան օր, Սարգսյանը, բայց ո՛չ ոք նաև ավելի պատրաստակամ էր աշակերտուհիներուն որևէ ծառայություն մատուցանելու։ Ո՛չ կողմնակցություն կըներ և ո՛չ ալ նախընտրություններ ուներ։ Նո՛ւյն արդար խստությունը ցույց կուտար բոլորին հանդեպ, միաժամանակ մեծ քրոջ պես հետաքրքրվելով յուրաքանչյուրին առողջությամբ, ընտանեկան պարագաներով։ Ծայր աստիճան լռակյաց, իր բարակ շրթունքները կբացվեին միայն անհրաժեշտը ըսելու համար։ Ու կթվեր, թե այդ շրթունքները կրնային ընդմիշտ անգիտանալ, որ իրենց բնական դերեն զատ, կրնային համբույր մը դրոշմել կամ թույլ տալ, որ իրենց գունատ մորթին վրա ժպտի մը ծաղիկը ծլի։

Դպրոցին մեջ իր առաջին իրական դառնության պատճառը օր. Սարգսյանը եղած էր։ Կրնային տարիները հաջորդել տարիներուն, բայց վստահ էր, որ չպիտի մոռնար այդ չնչին դեպքը, որ այնքան վիշտ պատճառած էր իրեն։ Գալեն ամիս մը հետո էր։ Ուրբաթ երեկո մը։ Սերտողության սրահին մեջ, զույգ շարքի վրա կսպասեին, որ օր. Սարգսյան ազդանշանը տա ննջարան բարձրանալու։ Շարքի ընկերուհին չարաճճի, անզսպելի աղջիկ մըն էր, պարտիզակցի Արմինեն։ Օգտվելով առջևը գտնվող զույգին անուշադրութենեն՝ անոնց դպրոցի սովորական սև շրջազգեստին կռնակի գոտիները կապած էր չվանով մը ու այդ չվանը ձեռքը բռնած։ Վարսենիկ տեսավ, բայց ձայն չհանեց, մտովի ծիծաղելով պատահելիքին վրա։ Օր. Սարգսյան, ըստ սովորության, կեցած էր դրան դուրսի կողմը։

— Կրնաք հառաջանալ,— ըսավ իր ցուրտ ձայնովը,— լռություն...

Աղմուկ մըն էր փրթավ, հազիվ երկվայրկյան մը հետո ու կապված աշակերտուհիներեն մեկը ինկավ գետին։ Շատեր սկսան խնդալ, բայց տեսնելով օր. Սարգսյանի անհամբույր ու գունատ դեմքը, լռեցին։ Ճանճի մը բզզյունը կրնար լսվիլ սրահին մեջ, այնքան խորունկ էր լռությունը։