Օր. Սարգսյան ակնոցը շտկեց ու մտավ ներս։ Կքալեր խիստ վայելչությամբ մը, գրեթե արական կուրծքը ցցած ու սև, հոգնած աչքերը ակնոցներուն տակեն կփայլատակեին։ Դեմքին գունատությունը կշեշտվեր սև շրշազգեստին պատճառավ, որ ամեն քայլի թեթև շրշյուն մը կարձակեր։ Գլուխը բարձր բռնած ըլլալուն վզին երակները կպրկվեին։ Դուրսը պարտեզին վրա սաստիկ տեղատարափ մը մեծ ու միօրինակ աղմուկ մը կհարուցաներ։ Ու հանկարծ երկինքը պատռեցավ, փայլատակեց ու րոպե մը սրահը մեծ շողյունով մը լուսավորվեցավ։ Ջղայնութենեն ու անձկութենեն իր սիրտը կթպըրտար։
— Ո՞վ էր այդ ապուշությունը ընողը,— հարցուց օր. Սարգսայն՝ չոր, անտանելիորեն հատու ձայնով մը։
Լոկ տեղատարափն էր, որ կպատասխաներ, դուրսը, պարտեզին մեջ։
— Ո՞վ էր,— կրկնեց նո՛ւյն գեշ, հատու ձայնով։
Արմինե տերևի պես կդողար ու չէր համարձակեր ըսել թե ինք է, հուսալով գուցե, որ փոթորիկը կանցնի։
— Արմինե Զուլումյան և Վարսենիկ Մահտեսյան, շաբաթ մը ճաշարանի հավելվածական սպասարություն,— հնչեց նույն ձայնը մեքենական խստությամբ մը,— հառաջացեք։
Կուզեր բողոքել, պոռալ բայց ընկերուհիները լռությամբ կհառաջանային արդեն ու ինք կրկին նո՛ւյն կորսված, անանձնական միությունն էր բազմության մեջ։ Պատիժը չէր, որ կվիրավորեր զինքը, այլ այն մտածումը, թե ծեր օրիորդը զինքը ընդունակ կարծած էր ո՛չ միայն անկարգություն ընելու, այլև չխոստովանելու։ Անկողնին մեջ ժամերով տապըլակած էր, վիրավորված հպարտության պատճառավ չկրնալով աչքհրը փակելու զայրույթեն արտասվելով։ Արմինե, որ դասընկերն ու անկողնի դրացին էր, քունեն արթնցած ու խնդացած էր վրան։ Ու իր երգող, հապաղող շեշտովը հարած.
— Վարսենի՛կ, ատ քել «ագռավին» համար չարժե տերտ ընել...
Այդ խոսքը բավեց, որպեսզի սիրտը հորդի։ Մութին մեջ խուլ հեծկլտուքով մը կուլար։ Վարժված լոկ համակրության, սիրո ու իր կարգապահ, աշխատասեր ըլլալուն պատճառավ իսկ բարեհաճության՝ այդ հանդիմանական ու հատու խըս-