տությունը անտանելիորեն վիրավորական կգտներ։ Հապճեպով թաշկինակը փնտռե՛ց բարձին տակ ու աչքերը սրբեց։ Դուրսը տեղատարափը կշարունակեր տեղալ, շառաչելով ապակիներուն վրա ու ննջարանին մեջ ստեղծելով անձկալի, խոնավ, տաժանելի մթնոլորտ մը։ Ու հանկարծ կեդրոնի լամբարը խաղաղորեն մարեցավ, սրահը ձգելով խորունկ մթության մը մեջ։ Դուռը ճռնչեց ու մութին մեջեն լսվեցավ օր. Սարգսյանի քայլերուն միօրինակ ձայնը։ Հետո խեղդված, խուլ, բայց նույն գեշ ձայնը հնչեց, որ կըսեր.
— Պիտի քնանա՞ք թե ոչ...
Ո՛չ, չպիտի քնանար։ Իր քունին ալ պիտի խառնվեի՞ն միթե՝ այս անհյուրընկալ հարկին տակ։ Ճաշի ժամանակ՝ լռեցեք, սանդուխներուն վրա՝ լռեցեք, սերտողության սրահին մեջ՝ լռեցեք, ննջարանը՝ լռե՛ցեք։ Բայց դուրսը՝ մարդիկ ողջ օրը լռեի՞ն միթե։ Սիրտ էր՝ կդողար, ցավ էր, ուրախություն էր՝ մարդ կամաց մը ընկերուհիի մը կուզեր փսփսալ,— լռե՛ցեք։ Նամակ կստանա, մարմինը կթնդա ուրախութենեն, կուզե բառ մը ըսել մեկուն,— լռե՛ցեք։ Օ՜, այդ դաժան, այդ բարբարոս լռության անողոքելի իշխանությունը։ Ամե՛ն ոք ստիպված էր ոտքի ծայրերուն վրա քալել։ Տուն մըն էր, ուր աղմուկը օրենքե դուրս հայտարարած էին։
Հետևյալ օրը՝ բակը ընկերուհիներովս հետ էր, երբ տնօրենության սենյակեն կանչեցին զինքը։ Հարկ էր ճաշարանի սպասարկությունը սկսիր Ամբողջ հասակովը ցցվեցավ օր. Սարգսյանի դեմ ու մերժե՛ց։ Կդողար ու արտասուքի կաթիլները կայրեին թարթիչները, ոտքը գետին զարկավ մանկութենեն մնացած սովորությամբ մը ու մեկեն քաղքի բիրտ լեզուն վերադարձավ իր հիշողության։
— Չպըտը էթամ,— ըսավ ցնցելով գլուխը,— չպըտը էթամ...
Օր. Սարգսյանի դեմքին վրա մկանունք միսկ չշարժեցավ։ Ինք ո՛չ առաջինն էր, ո՛չ ալ վերջինը։ Կուգային դավադե իրենց քիչ մը բիրտ հպարտությամբը, բայց տարին չլրացած կվերածվեին ինքնաշարժ մեքենաներու։ Զգացած զայրույթին, փորձած ըմբոստության, արձակած աղաղակին դիմաց՝ լոկ ցուրտ լռությունն էր, իշխանության ցուրտ արհամարհանքը։ Շփոթահար ակնարկը բարձրացուց ու դեմքին