Էջ:White Varsenik.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաս։ Ակնոցներուն տակեն իր ցուրտ ակնարկը կզններ բո՛լոր դեմքերը ու հեռուեն կզգար, թե ո՞ր աշակերտուհիին առջև արգելված վեպ մը կա։ Հաճախ հարկ չկար նույնիսկ, որ բարձրաձայն կարգի հրավիրեր զայն։ Կամաց մը գիրքը կփակեին ու զայն կփոխարինեին դասատետրով մը։ Իրապես քաղցը էին սերտողության այդ ժամերը, երբ դուրսը հովը կբարձրանար կամ անձրևը ապակիները կծեծեր։

Հետո ի՜նչ հուզիչ, ի՜նչ զգայացունց էին նաթ-Փինքերթնի և Նիք-Քարթըրի[1] արկածները, մանավանդ երբ արգիված ըլլալով, այսուհանդերձ միջոցը կգտնեին կարդալու։ Այդ պրակներուն գլխավոր հայթայթիչը պարտիզակցի այդ անպիտան աղջիկն էր, Արմինեն։ Դյուրի՞ն էր միթե զայն հանցանքի վրա բռնելը։ Ճարը հատներ՝ այդ բարակ գրքույկները կպահեր ճիշտ կուրծքերուն միջև ու խնդալով ցույց կուտար զանոնք նրբանցքներու կիսամութին մեջ, աչքի նշանակալից քթթումով մը, իր ընկերուհիներուն։ Գրքույկը կխնդար իր նորաբույս կուրծքերուն միջև, իր ազատորեն ապրող կուրծքերուն, գայթակղեցնելով ամչկոտները։

— Չե՞ս ամչնար քա,— կըսեին կես - բարեհաճությամբ։

Պարտիզակի մեջ կամչնա՞ն միթե։ Գարնան վերջերը, եթե ձգեին, ընդունակ էր մերկ պտտիլ։ Կքնանար առանգ ներսի շապիկի, լոկ գիշերանոցով ու առտուն, մութնալուսուն, օրվան լույսեն առաջ, իր խենթ կուրծքերն էին, որ կբարևեին Վարսենիկը։ Երբ ամիսը անգամ մը՝ ամբողջ դպրոցը բաղնիք կփոխադրվեր, ամբողջ ճամբու ընթացքին Արմինե կշաղակրատեր, հակառակ արգելքին, կարծես հարսնիք երթային։ Հազիվ հասած հագուստները ապշեցուցիչ արագությամբ մը կնետեր ու կկորսվեր բաղնիքին խորը, ընկերուհիները պաղ ջուրի լոգանցով մը ընդունելու համար։ Գրեթե ամեն անգամ կպատժվեր, հաջորդով վերսկսելու համար։ Սանձարձակ ազատությամբ մը դուռե դուռ կճեմեր ու իր ժիր ձեռքերով կանհանգստացներ զանոնք։ Նախընտրաբար Վարսենիկին հետ կըլլար հաճախ։ Ծունկերուն միջև կնստեցներ զայն ու անոր առատ վարսերը կլվար, կռնակը կշփեր, մեծ քըոջ մը

  1. Դարասկզբին չափազանց տարածված ամերիկյան ոստիկանական վեպերի հերոսներ։