Jump to content

Էջ:White Varsenik.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես խնամքով ու սիրով կմաքրեր անոր սքանչելի մարմինը, անկեղծ հիացումի չարաճճի աղաղակներ արձակելով։

— Եթե մանչ ըլլայի, վրադ կսիրահարվեի,— կըսեր խընդալով ու շոյելով անոր ողորկ ուսերը,— քաղքին խեղճ տղաքը ի՜նչ պիտի քաշեն ձեռցեդ...

— Արմի՛նե, եթե մանչ ըլլայիր ուրիշ ի՞նչ կնեիր,— ըսավ ընկերուհի մը օր մը։

Ձեռքերը դրավ զիստերուն վրա, գլուխը թոթվեց ու գլխուն հետ իր խենթ կուրծքերը ցնցվեցան։

— Վարսենիկը Պարտիզակ կփախցնեի,— ըսավ ձայնը ցածցնելով,— ղաչախչիություն կընեի, գոտիս նա՛, մինչև այստեղ կկապեի,— ավելցուց ձեռքը կուրծքերուն տանելով,— հե Վարսենիկ, գիշերները Ցատկան ջուրը կտանեի քեզ ու կուշտուկուռ կպագնեն...

Վարսենիկ ամոթեն շառագունեցավ, մինչ ընկերուհիները կխնդային ու խստությամբ նայեցավ Արմինեին, որ ձայնը քաշեց։ Ինչ սիրուն, տաքարյուն, հաճելի ընկերուհի էր անպիտանը ու ի՞նչ ազատությամբ կխոսեր արգիլված, «ամոթ բաներու» շուրջ։ Երբեմն երբ քունը չէր գա՝ կամաց մը կծռեր դեպի իր անկողինը ու կսկսեր իր անվերջ սիրային պատմություններուն կծիկը քակել։ Կարելի՞ բան էր, որ արտոնությամբ դուրս ելլեր ու պտուի կամ շաքարեղենի ծրարին հետ որևէ նոր ստահակության հիշատակ չի բերեր հետը։ Այս գարնան մանավանդ՝ գլուխը եղած քիչ մը լրջությունն ալ բոլորովին ծախու հանած էր ու թաղին երիտասարդները գլխեհանելե զատ ուրիշ բանի մասին չէր մտածեր։ Ու ի՞նչ որ տարօրինակ էր, կհաջողեր զանոնք դպրոցին բոլորտիքը պտտցնել շաբաթ հրիկունները։

— Վ՜արսենիկ,— կըսեը բազուկը նետելով անոր ուսին,— ինտոր որ Պարտիզակ տղաքը տոպան կխաղցնեին նե, անանկ ալ եթե ուզեմ ես զիրենք Ցատկան Ջուրին բոլորտիքը կպտտցնեմ...

— Աղե՛կ պտտցուր,— կպատասխաներ ինք ժպտուն ու այսուհանդերձ գայթակղելով հոգվույն խորը։

Ինչ որ գրքերեն չէր կրնար սորվիլ, չէր սորված՝ Արմինեն ոգնությունը հանձն կառներ մանրամասնորեն բացատրելու իրեն։ Անոր զվարթ ձայնը գարնան հովերու պես կուգար