Էջ:White Varsenik.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր ժիր մատներով կխաղար գիշերազգեստին կոճակներուն հետ ու կհամառեր լռեր։

Ամչցավ իր ըրած հարցումին համար ու ավելի հուզվեցավ։ Այս գիշերվան պես օդը տաք էր ու վերմակին տակ անորոշ նեղություն մը կզգար։ Մերկ կուրծքերը ափերուն մեջ կվառեին ու ողջ մարմինը ջղայնությամբ կսպասեր, որ Արմինե խոսի.

— Զիս համբուրեց,— ըսավ Արմինե խեղդված, դողդոջուն ձայնով մը,— այնպես գեշ եղա, որ մեկեն լացի։

Անցյալ տարի արձակուրդին, քաղաքը՝ ընկերուհիներու հետ պտույտի կերթային,բայց երբեք չէին համարձակեր Արմինեին պես խոսիլ։ Երբեմն իրենցմե մեկը կհամարձակեր երիտասարդի մը խոսքը ընել բայց միշտ հագուստի, գործի, ընտանեկան հարաբերություններու կապակցությամբ։ Իրիկուն մը սակայն, քաղքեն բավական հեռու, երբ ավազներուն վրա նստած կդիտեին ծովին խաղաղ գեղեցկությունը, խոսակցության ընթացքին՝ Աշխեն հայտնեց, թե իր վրա կխոսին՝ Սահակ աղայի տղուն, Երվանդին համար։ Զարմանալի, ապշեցուցիչ անակնկալ մըն էր ատիկա։ Երբեք տան մեջ, հեռուեն կամ մոտեն, նույնիսկ ակնարկության ձևին տակ, նման հավանականության մը մասին չէին խոսած։ Ու ի՛նչ որ ավելի քան անբացատրելի էր, այդ խոսքը լսածին պես բնազդաբար հիշած էր Գող֊Տոնիկն ու անոր սովահար գազանի հայացքը։ Հուզումեն ու զայրույթեն գույնը նետած էր ու Աշխենի երեսն ի վեր պոռացած.

— Խենթ ես նե, ըսե որ գիտնամ...

Ննջարանին դուռը մեղմորեն բացվեցավ ու կիսալույսին մեջ անհաշվելի անգամ մը ևս երևաց օր. Սարգիսյանի սև կերպարանքը։ Համբավավոր հարսնիքի գիշերեն ի վեր երկու անգամ միայն տեսած էր Երվանդը ու երկու անգամին ալ մեկ հատիկ խոսք իսկ չէին փոխանակած։ Մորը հետ մյուս թաղը Աղսաբեթ հանըմի փոխ-այցելության կերթային, երբ ախոռին առջև հանդիպեցան Սահակ աղային, որ ծեր բարեկամի մը հետ դռան առջև նարդի կխաղար։ Տաք, ամռան ծանր ետմիջօրե մ ըն էր։ Փողոցը ամայի էր գրեթե։ Լոկ քիչ մը հեռուն թաղին գլխավոր աղբյուրին ձայնը կլսվեր գուռին մեջ։