Սահակ աղա հակառակ տարիքին ոտքի ելավ ու քանի մը քայլ հառաջացավ։ Մայրը և ինք մոտեցան։ Ու հանկարծ պզտիկ աղջկան մը պես ամչցավ պատկառելի ու խոժոռ ծերունիին ակնարկին տակ։ Դեմքին, ամառնային հստակ ու թեթև հագուստներուն ու ողջ մարմնին վրա կզգար անոր խիստ հայացքը։ Ակնարկը պահեց ու ձեռքի փոքրիկ հովանոցովը սկսավ խճաքարի մը հետ խաղալ։
— Բարի՛նկուն, բարի՛նկուն, Աննիկ հանըմ,— ըսավ Սահակ աղա,— մեզի՞ կերթաք կո չէ նե...
— Հա՛յա,— պատասխանեց մայրը ժպտուն,— Աղսաբեթ հանըմը տո՞ւնն է...
— Տունը չըլլա, ո՞ւր պիտի ըլլա յա,— ըսավ ծերուկը՝ իր ծեր մատներուն մեջ գլանիկ մը փաթթելով,— է՜ Հայրապետը ինտո՞ր է նայինք... — Փա՜ռք Աստծո, սա ամառ աղեկ է։ Տոքտորը միս մի՛ ուտեր, շատ թութուն մի քաշեր կըսե, ամա խոսք մտիկ ընողը վո՞վ է։ Պե՛ մարդ, կըսիմ, տարիքդ տեղն է, ինքզինքդ չես մեղքնար նե, հիչ չէ նե զավկներդ մեղքցիր։ Մեթալիկ չի տար ըսածներուս։ Սիրտը աղեկ չէ, Սա՛հակ աղա...
— Աստված օղորմի հոգուն՝ պապան ալ ատ ճանապեթ սիրտի հիվանդութենեն թանթոնը գնաց։ Շիտակը կուզես նե թեմիզ հիվանդություն է, թեմիզ մը մարդը կառնե կտանի... էս ալ տոքտորի֊մոքտորի շատ մեթալիկ չեմ տար։ Ինծի հարցնես նէ, մարդ տայիմա հիսապը թեմիզ պահելու է, մեյ մը, որ բարձիդ քով հրեշտակները ղանատ բանան նե՝ խաչդ հանե ու պեքլե, այսօր չէ նե՝ վաղը ըլլալիքը կըլլա...
— Կյանքը անուշ է, Սա՛հակ աղա,— բողոքեց մայրը,— նահիլները տահա մեզի պետք ունին...
— Իրենց հա՛րցու նայինք,— հեգնեց ծերուկը,— հայվանները պիլե ծերերը չեն սիրեր կո հիմաճուկս...
Շունը բա՞ն մը զգաց արդյոք։ Եկավ ու իր գորշ գլուխը քսեց Սահակ աղայի սրունքներուն ու ուրախությամբ պզտիկ հաչյուններ արձակեց։ Ու անգամ մը ևս արևին համբույրին հետ՝ դեմքին վրա զգաց Սահակ աղայի ծեր ու խորազննին ակնարկը, որ միաժամանակ հարգանք ու երկյուղ կպատճառեր իրեն։ Վարանելեն աչքերը բարձրացուց ու հարդի փոշին նշմարելե առաջ ռունգերը զգացին հարմանի ու հնձած ար