Jump to content

Էջ:White Varsenik.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տերու բարկ բուրումը։ Հարդի հսկա սայլ մը կքելեն, ճռնչալեն, մեջքը խուլ տաժանքով մը շտկելեն եկավ ու կեցավ ախոռին դուռեն քիչ մը վեր։ Կարծես կլսեր եզներուն հևքը։ Հաճույքով դիտեց զանոնք ու երթալ անոնց խոշոր ու բարի գլուխները շոյելու մեծ փափագ մը զգաց։ Ա՛հա ճիշտ այդ պահուն էր, որ մշակ մը կառքեն ցատկեց գետին ու արագությամբ կորսվեցավ ախոռին ներսը։ Երբ քիչ հետո ախոռին երկրորդ հարկեն, հարդանոցին փեղկերուն մեջ, երևաց անոր հասակը՝ զարմանքով նկատեց, թե այդ մշակը Երվանդն է։ Մազերն ու հագուստները թաթխված էին հարդի փոշիով ու դեմքը քրտինքեն թրջված ու աղտոտած էր։ Ձեռքը փայտե եռաժանի մը ուներ։ Կուրծքը բաց էր ու կուրծքի մազերուն վրա ևս հարդի ոսկի փոշին նստած էր ու կփալփլար։ Կարծես իր եզներուն պես կհևար ամրան տոթին։

— Հա՛տե, Կարապետ,— ըսավ բիրտ ձայնով մը։

Ու հարդը միօրինակ դանդաղությամբ մը սկսավ տեղալ դեպի հարդանոցը։ Փոքր ալիքներով կբարձրանար ու խուլ շշուկով մը կիյնար տախտակամածին վրա։ Ու իր հետը փոշին, որուն հետ արևը կխաղար, ոսկի ցոլացումներ արձակելով։ Շուտով փոքրիկ դեզ մը կազմվեցավ տախտակամածին վրա։ Ու դեզին քով կերևար միշտ Երվանդին հասակը։ Թիկնոցը հանած էր ու շապիկին թևերը սոթտած։ Հակառակ ծանր տոթին եռաժանիով հարդը կնետեր խորը ու կարծես չէր նշմարեր իրենց ներկայությունը։ Մայրը նկատեց զայն ու հեռուեն բարևեց։ Գլխով ընդունեց բարևը ու երկվայրկյան մը թափառիկ ժպիտ մը լուսավորեց անոր խիստ դեմքը։

Քանի մը շաբաթ հետո ծովեզերքեն կվերադառնար, երբ պարտեզին մեջ նշմարեց հայրն ու Երվանդը, որ սարփինային տակ կխոսեին։ Կանաչ, պարտեզի փոքրիկ սեղանին վրա մեծ ու գունավոր թաշկինակի մը մեջ ,քանի մը բուռ ցորեն կար, որուն հատիկները հայրը անդադար կհոսեցներ ափին մեջ։ Կուզեր լռությամբ ներս երթալ, բայց Թաթար սկսավ հաչել:Հայրը գլուխը դարձուց ու ժպտեցավ։ Ստիպված բարևեց Երվանդը, մոտեցավ ու ձեռքը երկարեց մեքենաբար՝ համաձայն դպրոցի սովորության, մտածելով հանդերձ՝ որ քաղաքին մեջ պարտավոր չէր ամեն հյուրի ձեռքը թոթվել։ Հավանաբար շաբաթ երեկո ըլլալուն Երվանդ քիչ մը կոկիկ