Jump to content

Էջ:White Varsenik.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը պես սուրաց ու իր ձայնը հապաղեցավ պարտեզին վրա։ Հուզումեն պիտի արտասվեր, երբ ձեռք մը դպավ ուսին, կանացի քնքշությամբ մը։ Ամբողջովին դողահար դարձավ ետ, պահելով ակնարկը։ Բայց սիրտը կփղձկեր։ Գլուխը թաղեց օր. Սարգիսյանի կուրծքին վրա ու լուռ, խուլ հեծկլտուքով մը արտասվեց։

7

— Պոլիս, Գետիկ-Փաշա պայիր մը կա, ուրկե մեր քաղքցիները սուլել են վար կիջնեն կիրակի իրիկունները, բայց բարձրանալու համար, ամոթ չըլլա նե գավառացի Տամալի մը պետք ունին,— ըսած էր Հայրապետ աղա անգամ մը իրեն։

Ժպտելով կհառաջանար, հիշելով Հայրապետ աղայի խոսքերը ու մեքենաբար ինք ևս սուլելով։ Քաղքի շիրին երգ մըն էր ատիկա, որ մերթ ընդ մերթ կիրակի առավոտները շըրթներուն վրա կթափառեր։ Զառիվարին խորունկեն լաթեսնայի շուտիկ եղանակ մը, շնչատ, հևիհև՝ կբարձրանար ու կդիմավորեր զինքը։ Բաց դռներեն ու պատուհաններեն խոհանոցի ախորժաբեր բուրումներ կհոսեին փողոց, շաղակրատ կիներու աղմուկին հետ։ Կիրակին թեֆ ու տյումպելեկ կզարներ։

Ձեռքերը գրպանները կքալեր միշտ, ուզելով երջանիկ ըլլալ, կիրակի առավոտով, բայց ժպիտը սառեցավ շրթներուն անկյունը ու երգը ինկավ գետին, ավրված սալահատակին վրա, որևէ փոս մը։

Անտարակույս եթե սենյակը մնացած ըլլար, սեղանին առջև ու գլուխը կախեր գրքերուն վրա՝ կրնար գուցե մոռնալ, որ դուրսը մայիս է քաղաքին վրա, որ Շիրքեթի շոգեն ավերը սուլելեն կվազեն Վոսփորի կապույտ ջրերուն վրայեն, որ պարտեզներուն մեջ Պոլսո կողմը թրքական շարգիներ հեծկըլտալեն կքակվին օղիի սեղաններուն շուրջ, որ վերը թաթակլակ մեջ հունական շվայտ երգեր հազվագյուտ հայ տուներ ու պատուհանները կծեծեն։ Բայց ի՛նչ որ կուզեր մոռնալ՝ ա՞յդ էր միայն միթե։