Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժառանգակիցներ։ Թո՛ղ ոչ ոք ձեր բաժինը ձեզնից չկտրի, և ձեզ օտար ու խորթ դարձնելով բաժնից զրկի։

«Հիշեցե՛ք Իսրայելի բոլոր նախկին զորավարներին՝ Հեսուին, Գեդեոնին, Եփթայային և բոլոր մյուսներին, որոնք ճշմարիտ հավատ ունեին. նրանք ջարդեցին-կոտորեցին հեթանոսների զորքը և երկիրը պիղծ կռապաշտությունից մաքրեցին։ Եվ իրենց հաստատուն և արդար գործունեության համար, որ ամենևին չերկմտեցին իրենց մտքերի մեջ, արեգակն ու լուսինն՝ ականջներ չունենալով՝ լսեցին ու կատարեցին նրանց պատվերը. ծովն ու գետերը ճանապարհ բաց արին նրանց առաջ հակառակ իրենց սովորության։ Եվ Երիքով քաղաքի բարձր պարիսպները լոկ ձայնից ընկան-կործանվեցին՝ արդարության օրենքների վրեժխնդրության համար։ Եվ բոլոր մյուսները, որոնք յուրաքանչյուրն իր դարում հավատի համեմատ քաջություններ կատարեցին, գովաբանվեցին մարդկանց կողմից, և աստված էլ նրանց արդարացրեց։

«Չէ՞ որ նույն Տերն է սկզբից մինչև այսօր և հետո էլ, հավիտյանս հավիտենից և բոլոր հավիտյաններից էլ այն կողմը։ Չի նորոգվում, որովհետև չի հնանում. չի մանկանում, որովհետև չի ծերանում. աստծու անհեղհեղուկ բնությունը չի փոխվում, ինչպես որ ինքն էլ ասում էր սուրբ մարգարեների բերանով. «Ես եմ, ես եմ, ես նույնն եմ սկզբից մինչև հավիտյան, իմ փառքը ուրիշին չեմ տա և ոչ էլ իմ քաջությունները՝ կուռքերին»[1]։

«Այս գիտենալով, եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել- գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք՝ կապրենք և եթե մեռցնենք՝ միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ։ Հիշենք առաքյալի խոսքը, որ ասում է, թե՝ «Այն ուրախության փոխարեն, որ սպասում էր նրան, նա հանձն առավ համբերել մահվան, այն էլ՝ խաշի մահվան.

  1. Եսայի ԽԲ 8 և ԽԸ 11-12: