Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ պատճառով էլ աստված նրան ավելի ևս բարձրացրեց և այնպիսի մի անուն տվեց նրան, որ բոլոր անուններից վեր է. որովհետև Հիսուս Քրիստոսի անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները»[1]։

«Որովհետև ով ճշմարտությամբ միացած է Քրիստոսի սիրո հետ, հոգու աչքով տեսնում է իմանալի արեգակի ճառագայթների անտեսանելի հստակ լույսը, որ ամեն ժամ և ամեն օր շատ ավելի պայծառ ծագելով երևում է բոլորին. և սրբատեսիլ ու մաքուր հայացքներն անպղտոր հստակությամբ դեպի ինքն է ձգում և թափանցեցնելով երկնքի միջով՝ մոտեցնում է անմերձենալի պատկերին և զորավոր մտքով որոշում է երկրպագել միասնական զորության երեք մասերին։ Եվ արդ, ով աստվածային աստիճաններով ելած լինի և բարձրությամբ [աստվածային] արքունիքին հասած ու նրա ամբողջ մեծությունը լիովին տեսած, միայն նա կժառանգի անանցանելի ուրախությունն ու անտրտում մխիթարությունը։

«Ո՛չ, իմ պատվական տերե՛ր, այսչափ վեր բարձրանալուց հետո՝ նորից այստեղ երկիր չընկնենք ու թավալվենք, այլ այդ նույն բարձրության վրա հաստատ կանգնած մնանք։ Եթե նայելու լինեք դեպի ցած՝ երկիր, այն կտեսնեք լի ամեն ապականությամբ և անսուրբ պղծություններով։ Որովհետև ի՞նչ աղետալի բաներ ասես, որ չեն գործվում այս ախտաբեր երկրայինների մեջ. աղքատների թշվառություներ և նրանց անթիվ չարչարանքներ. հարկահանների կողմից ծանր նեղություններ, բռնավոր ընկերների կողմից զրկանք և խոշտանգում, քաղց ու ծարավ մեր բնության կարոտության համեմատ։ Ձմեռվա սառնամանիք և ամառվա խորշակ, տարաժամ հիվանդություններ ու մահաբեր ցավեր շարունակ տանջում են մարդկանց. անդադար վրա են հասնում երկյուղ արտաքիններից և արհավիրք ներքիններից. ժամանակից առաջ մահ են ցանկանում, բայց չեն գտնում. և շատերը կան,

  1. Փիլիպ. Բ 7-10: