Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ հետամուտ են լինում ու փնտրում են, և երբ գտնում են՝ ուրախանում են։ Իսկ ովքեր մեզ թվում է, թե հաջողված են հարստության մեջ և փափկակյաց ուրախությամբ են անցկացնում այս անցավոր կյանքը, մեծամտում-հպարտանում են այս աշխարհի դատարկ գործերով, հենց նրանք են, որ կուրացած՝ ճշմարիտ կյանքը չեն տեսնում։ Իսկ արդ, ի՞նչ չարիքներ կան, որ չեն գործվում նրանց մեջ. հարստության հետ խառնված է աղքատների գույքի հափշտակությունը, սուրբ ամուսնության հետ վատթար պղծությունը։ Ճշմարիտ կյանքից շեղված՝ ինչ որ վայելում են ընտրությամբ, նրանց էլ երկրպագություն են մատուցանում իբրև աստծու։

«Չէ՞ որ այս ամբողջ աշխարհը ամենքի արարչի ստեղծածն է, և ինչ որ նրանք պաշտում են ու պատվում, միևնույն նյութի մասն է, ապա ուրեմն մասերը մասերին են ծառայություն մատուցանում։ Որովհետև եթե այս աշխարհի մի մասն ապականացու է, պետք է որ բոլոր մասերն էլ նրա հետ փչանան։ Նաև այն մասերի մեջ էլ պետք է ընտրություն լինի, արդ, թե ո՛րն է լավը, այդ հայտնի է բոլորին, և ով որ կարող է հասկանալ, նա՛ է մասերի մեջ ընտիրը։ Իսկ եթե այդ այդպես է, ապա ուրեմն հեթանոսների պաշտած ու երկըպագած բոլոր բաներից՝ երկրպագուներն ավելի գերազանց են, քան անբան տարերքը, որոնց նրանք չարաչար կերպով ծառայում են. և չեն պաշտում է աստծուն, որ մարդու կերպարանք առավ, այլ երկրպագում են արարածներին. նրանց մեղքերին քավություն չկա արդար ատյանում։

«Եկե՛ք դեն գցենք մոլորվածների խավարային խորհուրդները, նրանց համարենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի և ողորմելի, մանավանդ որ իրենց կամքով են կուրացած և ոչ հարկից ստիպված և երբեք չեն գտնի ճշմարիտ ճանապարհը։ Իսկ մենք, որ բացահայտ աչքով տեսել ենք երկնավոր լույսը, թող չպատահի մեղ արտաքին խավարը։ Որովհետև ովքեր խավարի մեջ էին, նրանց մոտ եկավ ճշմարիտ լույսը, նրանք կուրացած՝ զրկվեցինք կյանքից։ Իսկ դուք, որ հավատով ընդունեցիք, որդիներ եք և ոչ թե օտար