Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քտաջբերունուն։

Երրորդ զորամասը հանձներ Թաթուլ Վանանդացուն և նրան նիզակակից կարգեց Տաճատ Գնթունուն, և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Ինրը վերցրեց չորրորդ զորամասը և իրեն նիզակակից քաջ Արշավրին և իր հարազատ եղբայր Համազասպյանին։

Այսպես կարգավորեց ու ճակատ կազմեց՝ սփռելով դաշտի ամբողջ երեսին, Արյաց զորքի դեմուդեմը, Տղմուտ գետի ափին։

Եվ երբ այս այսպես պատրաստվեց, երկու կողմերն էլ սրտմտությամբ և մեծ բարկությամբ զայրացան և գազանացած զորությամբ միմյանց վրա հարձակվեցին. երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պետք էր տեսնել, թե ի՛նչ մեծ տագնապ և անչափ իրարանցման սրտնեղություն կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում. որովհետև թանձրամիտները հիմարանում էին, և վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին, և անվեհեր կտրիճներն աղաղակում։ Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով՝ գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած Պարսից զորքն սկսեց իր տեղում վխտալ։ Իսկ Հայոց զորքն անցավ գետը, և ձի նստած մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելովերկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թպրտում էին։