Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ Պարսից զորքի ընտիր-ընտիր քաջ զորականները Հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին. նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և Պարսից զորքի աջ թևը ջարդելով քշեց գազանների կողմը և շուրջը պտտելով կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ Մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց-ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած՝ փախուստ տվեց։

Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալավուրտը և տեսավ, որ Հայոց զորքից ոմանք բաժանվել և ետ են ընկել լեռների հովիտներում։ Ուստի և աղաղակ բարձրացրեց, քաջալերեց իր շուրջը գտնված Արյաց զորքին, որոնք կանգնած էին Վարդանի գնդի հանդեպ։ Այնտեղ երկու կողմերն էլ իրենց պարտված էին զգում, և ընկած դիակների թիվն այնքան մեծ էր, որ նմանվում էր խորդուբորդ քարակույտերի։

Երբ այս բանը տեսավ Մուշկան Նիսալավուրտը, սպասում էր Արտաշրի գազաններին, որը նրանց վրա նստած էր բարձր դիտանոցում, ինչպես միջնաբերդում և գալարափողերի բարձր ձայնով շտապեցրեց իր գնդերին և առաջամարտիկ զորքերով շրջապատեց նրան։

Իսկ կորովի Վարդանն իր քաջ նիզակակիցներով մեծ կոտորած արեց այնտեղ, ուր և հենց ինքն էլ արժանի եղավ ստանալու կատարյալ նահատակության պսակը։

Եվ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց. շատերն իրենց մահվան օրհասը գտան. մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը։

Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը. ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների սուրբ մարմինները. և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար։ Իսկ ովքեր [կենդանի] էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձո-