Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և մանավանդ զգուշանում էին եկեղեցիներին ձեռք տալուց։ Նորից մի անգամ էլ սկսեցին հարցնել արքունիքին։

Նմանապես և ովքեր փախել-ընկել էին Արցախի անտառները, իրենց տեղերում ամենևին հանգիստ չմնացին, այլ շարունակ մարդ էին ուղարկում Հոնաց աշխարհը, գրգրռում և հորդորում էին Հոների զորքին և նրանց հիշեցնում էին այն ուխտը, որ դրել էին հայերի հետ և անսուտ երդումով հաստատել։ Նրանցից շատերին հաճելի էր թվում քաղցրությամբ լսել այս խոսքերը։ Նաև նրանց սաստիկ մեղադրում էլ էին, թե «Պատերազմի ժամանակ ինչո՞ւ պատրաստված չեկաք»։ Եվ թեպետ սկզբում չկարողացան միմյանց հետ համաձայնել, բայց հետո մեծ զորք հավաքեցին և անմիջատես հարձակվելով հասան Պարսից տերության սահմանները. և շատ գավառներ ավերելով՝ է՛լ ավելի շատ գերիներ տարան իրենց աշխարհը, և հայտնապես ցույց տվին թագավորին այն միաբանությունը, որ անեին Հայոց զորքի հետ։

Իսկ երբ այս բոլորի լուրը հասավ Պարսից զորավարին, սրտմտեց ու զայրացավ և մեծ բարկությամբ մեղքը գցում էր անօրեն Վասակի վրա, որպես թե նա է այն բոլոր չարիքների սկիզբն ու առաջնորդը, որոնք գործվեցին։ Եվ այնտեղից վեր կացավ, առաջ խաղաց, գնաց-հասավ Պարսիք աշխարհը, գրեց և ցույց տվեց թագավորին ամեն ինչ ստուգությամբ և գործի մեղքը ուրացողի վրա գցեց։

Երբ թագավորը լսեց աշխարհի ամբողջ ավերածությունը և ստուգեց մեծ պատերազմի հանգամանքները, սիրտը կոտրվեց-իջավ մեծ-մեծ խրոխտալուց, և լսեց ու դադարեց մշտական խաբեբա մտադրություններից. հարցուփորձ էր անում և քննում այդ անհանճար գործի վրիպման պատճառները և ուզում էր իմանալ, թե «Ո՞վ կարող է այդ գործերի մասին իրեն ստույգ տեղեկություններ տալ»։ Իսկ նույն Միհրնէրսեհ հազարապետը, որ այնտեղ արքունի Դրանն էր և այդ անօրեն գործին գիտակ էր, առաջ եկավ և ասաց թագավորին. «Այդ բանը ե՛ս կասեմ քեզ, քա՛ջ թագավոր. եթե ուզում ես ստույգ լսել ճշմարիտը, կանչել տուր քրիստոնյաների գլխավորներին, որոնք Հայաստանում են. նրանք հոժաբու-