Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ կգան և ամեն բան քեզ կպատմեն արդարությամբ»։

Այն ժամանակ [թագավորը] Հայոց աշխարհի մարզպանությունը հանձնեց իր ավագ նախարարներից մեկին՝ Ատրորմիզդ անունով, որի իշխանությունը սահմանակից էր Հայոց աշխարհին և զորավարի գործակիցն էր նույն պատերազմում։ Իսկ Մուշկան-Նիսալավուրտին մնացած բոլոր զորքի հետ ուղարկեց Աղվանից, Լփնաց, Ճղրաց և Հեճմատակների, Թավա Ապարների և Խիրիովան երկրները և այն բոլոր ամրոցները, որ ավերել էր Հոնաց գունդը՝ Հայերի հետ ունեցտծ դաշինքի պատճառով։ Այդպես էլ՝ թագավորը սաստիկ տրտմել էր ո՛չ միայն երկրների ավերվելու և զորքերի ջարդվելու համար, այլ առավել ևս այն պահակի ավերվելու համար, որ շատ ժամանակներից ի վեր հազիվ էին կարողացել շինել. այդ պահակն այն ժամանակ հեշտությամբ առնվել էր ու քանդվել, և այլևս հույս չկար, թե այն կշինվի։ Իսկ Վասակին գլխավոր քրիստոնյաների հետ միասին հրամայեց կանչել Դուռը։

Արդ, Ատրոմիզդ մարզպանը եկավ, Հայոց աշխարհը մտավ սիրով և խաղաղությամբ։ Արքունի հրամանով իրեն մոտ կանչեց Ռշտունյաց սուրբ եպիսկոպոս Սահակին, որ նրանեց տեղեկանա ամբաստանության հանգամանքները: Բայց նա, թեպետև ավերել էր մի ատրուշան և մեծ չարչարանքներ էր տվել կրակի պաշտոնյաներին, ամենևին չվախեցավ գալ ներկայանալ հրապարակային ատյանին։

Նույնպես և Արծրունյաց տնից մի բարեպաշտոն երեց Մուշե անունով, որ Արծրունյաց երկրի առաջնորդ էր, նա էլ ավերել էր մի կրակատուն և կապանքներով ու տանջանքներով շատ չարչարանք էր տվել մոգերին. սա էլ ամենևին չվախեցավ, այլ հոժարակամ եկավ և ներկայացավ մարզպանին։

Երկու ուրիշ երանելի քահանաներ էլ, որոնց անուններն են Սամվել և Աբրահամ, սրանք էլ քանդել էին Արտաշատի կրակատունը, և ուրացող Վասակը նրանց առաջուց բռնել ու կապել էր տվել. սրանց էլ բերին առաքինի ընկերների մոտ:

Նույն տեղը բերին նաև մեծ Հովսեփին ու Ղևոնդին, Քաշաջին և Արշենին։ Եվ երբ մարզպանը բոլորից լսեց ու տե-