Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զեկացավ, ամեն ինչ գրեց և ցույց տվեց արքունիքին ճշմարտությամբ, ինչպես որ լսել էր նրանց բերանից։

Բայց Վասակը թեպետև առաջուց էր հասել Դուռը և ամեն ինչ իր ուզածի պես էր պատմել վայրիվերո և սուտ, սակայն չէր կարողանում իր անձն արդարացնել թագավորի առաջ, որը պատասխան տվեց նրան և ասաց. «Երբ որ քրիստոնյաներն էլ կգան, բոլորիդ միասին կլսեմ ատյանում»։

Իսկ որովհետև սուրբ քահանաներին կապանքներով էին տանում, երկու ամիս և քսան օրից հետո միայն հասան արքունի ձմեռոցը։ Երբ մեծ հազարապետը լսեց, որ նրանց քաղաք են բերել, անձամբ այցելեց նրանց։ Բայց թեպետև ամեն ինչ մանրամասնորեն լսեց նրանցից, սակայն չկարողացավ ձեռք տալ նրանց և չարչարել, որովհետև Հայոց նախարարներից շատերը դեռևս ուժով գրաված էին պահում աշխարհի ամուր տեղերը, և մարզպանը դեռևս երկյուղի մեջ էր։ Դրա համար էլ հրամայեց զգուշությամբ պահել սրբերին և պատվիրեց աշխարհը սիրով նվաճել։ Այդ պատճառով էլ հենց ինքը [մարզպանը] շրջում էր, ժողովում ու վերաշինում հաստատ խոստումներով:

Եպիսկոպոսներին էլ հրաման տվեց, որ ամեն մեկն իր իշխանությունն ստանձնի և նախկին սովորության համաձայն հայտնի կերպով պաշտոն կատարի, և ազատ համարձակ հրապարակ դուրս գա։ Մինչև իսկ իրեն առջև կանչելով ընծաների և պարգևների արժանացրեց նրանց։ Եվ որովհետև զորականներն առել ու ավերել էին շատ գավառներ, ուստի հրամայեց երկրի հարկերը ներել. արքունի այրուձին էլ միառժամանակ թեթևացրեց։ Հրամայեց նաև, որ միայնակյացները, որ փախել-անհետացել էին, գան և ամենքն իրենց տեղերը բռնեն։

«Աստվածպաշտության բոլոր կարգերը, ասում էր, հիմա էլ այնպես կատարեն, ինչպես որ կատարում էին առաջվա ժամանակները, նախնիքների օրով։ Եվ եթե մեկը որևէ հեռու աշխարհ է գնացել, արքունիքից իրավունք եմ ստացել, ասում էր մարզպանը, որ, ազատ լինեն նրանք, թե՛ շինա-