Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան, թե՛ եկեղեցական, ինչ կայք էլ թողած լինեն, թող գան և յուրաքանչյուրն իր ունեցածին տեր կանգնի»։

Երդումներ էր կնքում ու ուղարկում զանազան կողմեր։ Հենց շատերն էլ եկան հավաքվեցին, և ամեն մեկը իր կալվածքին տեր դարձավ։

Նաև, որ ամենից մեծ բանն է, եթե որևէ մեկը բռնությամբ էր մոգություն ընդունել իր կամքի հակառակ, արքունիքից հրովարտակներ ուղարկեց՝ նորից քրիստոնյա դառնալու։ Եվ թագավորը խոսում էր արքունիքում եղածների դեմ հանդիման, թե՝ «Ովքեր սիրով չեն ընդունում մաղդեզն կրոնը, այդպիսիների վրա աստվածներն էլ են զայրանում, և ես էլ ամենևին շնորհակալ չեմ. և այսօր նույն հրամանն եմ տալիս բոլորին՝ ամեն մարդու թողնել իր կամքի համաձայն վարվելու. ով ինչ կամենում է, թող այն պաշտի, բոլորն էլ իմ ծառաներն են»։ Այս ասում էր և գրավոր հրաման տալիս ամբողջ աշխարհին։

Երբ այս լսեցին ու տեսան շատերը, որոնք ցիրուցան էին եղել հեռավոր տեղեր, եկան և տեր կանգնեցին իրենց սեփականությանը։ Իսկ այն նախարարները, որոնք գտնվում էին երկրի ամրոցներում կամ հեռավոր օտարության մեջ, երբ տեսան երկրի շենանալը, մանավանդ եկեղեցու ապահովությունը, նրանք էլ սիրտ առան և համարձակվեցին ներկայանալ թագավորին։ Ուստի և պատգամ ուղարկեցին երկրի մարզպանին, որ նախարարների խոսքերը հայտնի արքունիքին։ Իսկ նա շտապով արքունիքի կողմից և արքունի հրամանով մի հորդորական և ապահով դաշինքի գիր ուղարկեց նրանց: Բայց նրանք, թեպետև գիտեին տերության դաժանությունը, որ ամեն բանի մեջ կեղծ են, ուզեցին մասնակից լինել սրբերի չարչարանքին. այնպես որ եթե մահ էլ սպասելու լինի նրանց, ամենևին երկյուղ չկրեն և չվախենան։

Այս որ լսեց թագավորը, հրամայեց նրանց իրեն մոտ կանչել ո՛չ թե կապանքներով, այլ արձակ ձեռներով ու ոտներով։ Նրանք շուտով բերին իրենց կանանց ու որդիներին և ունեցած գույքը հանձնեցին մարզպանի ձեռքը, և իրենք շտապով գնացին արքունի ձմեռոցը։