Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ մինչդեռ թագավորը այնտեղ ձմեռոցում էր, հրամայեր հարցուփորձի ատյան կազմել նրանց միջև։ Եվ հազարապետը նստեց, որ երկու կողմերին էլ լսի։ Եվ երր ամբաստանությունը երկար օրեր շարունակվեց, ուրացողների կողմը հանցավոր ճանաչվեց։

Որովհետև ցույց տվին այն թղթերը, որ Վասակը և բոլոր նրա հետ եղածները տվել էին, թե նրա հետ միաբան են ապստամբության ուխտի մեջ. մի թուղթ Վրաց աշխարհը և մի թուղթ Աղվանից աշխարհը. նույնպես և Աղձնիք գրած մի թուղթ և մի գրություն Հունաց թագավորին և մի թուղթ էլ Անտիոքի մեծ սպարապետին։ Այս բոլոր թղթերի վրա գրված էր Վասակի վավերական մատանին: Նմանապես և նա խառն էր մոգերի կոտորածին Զարեհավանում։ Պարսիկներից խլված շատ բերդերի վերաբերմամբ էլ նրա թղթերն ու հրամաններն էին մեջտեղ բերում, որովհետև նա էր այն ժամանակվա մարզպանը։

Ինչպես նաև մի նախարար, որի անունն Ատոմ էր, Գնունյաց ցեղից, որին նա պատգամավոր էր ուղարկել հույների մոտ, առաջ եկավ և մեղադրեց նրան մեծ ատյանի առաջ հենց այն հրովարտակով, որ նա տվել էր՝ կնքած իր մատանիով։

Նրան ամբաստանում էր նաև Մուշկան-Նիսալավուրտը և իր պատերազմակից ընկերների հետ միասին հայտարարում էր, թե պատերազմը վերջանալուց հետո էլ Վասակը շատ արյուն թափել տվեց, թե ինչպես սուտ երդումներով խաբում ու ցած էր իջեցնում ամրոցներից, արքունի ծառաներից ու աղախիններից ոմանց կոտորում էր, ոմանց էլ գերի էր տանում։ Եվ բացի այս բոլոր վնասներից՝ նա գող դուրս եկավ նաև երկրի այն հարկի վերաբերմամբ, որ արքունիք էր դնում։

Նույնպես և նրա ուրացող ընկերներից շատերը կային, որոնք բաց արին այն չարիքները, որ նա գործել էր Հայոց աշխարհի վերաբերմամբ։ Նրա մասին հարցրին նաև այն մոգերին ու փշտիպաններին, որոնք եղել էին կապանքների մեջ և փրկվել և ապա բերվել արքունիք, և ասացին. «Դուք որևէ բան գիտե՞ք նրա չարագործության մասին»։ Պատաս-