Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խան տվին և ասացին. «Այն բոլոր անցքերն ու չարչարանքները, որ անցան մեր գլխով, և այն բազմաթիվ հարվածները, որ թափվեցին արքունի զորքի վրա, և Հայոց աշխարհի ավերն ու գերությունը, այլև արքունի հարկերի կորուստը,— այդ բոլոր չարիքների սկզբնապատճառն ու առաջնորդն այդ մարդը եղավ»։

Եվ մինչդեռ այս բոլոր ամբաստանությունները այնքան երկար օրեր լինում էին նրա վրա, առաջ եկան նաև նրա ազգականները, որ ավելի առաջ էլ գանգատվել էին նրա վրա թագավորին, սկսեցին կարգով ցույց տալ և հայտնել, թե ինչպես նա բարեկամացել էր Հոն Հեռանի հետ Բաղասական թագավորի հետ միաբանած, այն ժամանակները, երբ այդ Հեսանը կոտորեց Պարսից զորքերին Աղվանքում, ասպատակելով հասավ Հունաց երկիրը և բազմաթիվ գերիներ ու շատ ավար տարավ Հոռոմներից, Հայերից, Վրացիներից և Աղվաններից. այնպես որ թագավորն ինքն էլ հասկացավ այդ մտադրություններն ու սպանեց Բաղասական թագավորին։ Իսկ Վասակն այն ժամանակ Հայոց մարզպանն էր և արքայի թշնամիներին խորհրդակից դուրս եկավ։ Նրա ազգականները ցույց տվին և հայտնեցին, թե ինչպես իրենք հմուտ և տեղյակ էին նրա շար մտադրություններին, ամեն ինչ ցույց էին տալիս և հայտնում թագավորին, և էլի ուրիշ բազմաթիվ խարդախություններ, որ կեղծությամբ էր վարում իր կյանքը ո՛չ միայն ընկերների վերաբերմամբ, այլև ամբողջովին հենց իրեն իսկ թագավորի նկատմամբ, որովհետև մանկությունից ի վեր երբեք արդարությամբ չէր գործել։

Այն ժամանակ հազարապետը հրաման տվեց և ասաց. «Այստեղ բերեք նաև կապյալներից, որոնք բանտումն են գտնվում»։ [Կապանքներից] արձակեցին և բերին երանելիներից Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսին, սուրբ Հովսեփին և Ղևոնդ երեցին։

Երբ ատյանում խոսած բոլոր բաները հայտնեցին նրանց, Սահակ եպիսկոպոսը պատասխան տվեց և ասաց. «Ովքեր հայտնի կերպով ուրացել են ճշմարիտ աստծուն, չգիտեն՝ թե ինչ են անում և կամ ինչ են խոսում, որովհետև