Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց միտքը խավարած է. տերերին ծառայում են սուտ պատճառանքներով և ընկերների հետ էլ կեղծ ուխտ են կապում։ Նրանք սատանայի դարաններ են, որովհետև հենց նրանց միջոցով է կատարում իր դաժան կամքը, ինչպես որ երևում է հենց այդ Վասակի վերաբերմամբ։ Որովհետև քանի դեռ նա քրիստոնեության անունն էր կրում, կարծում էր, թե արտաքուստ ծածկում ու թաքցնում է իր ամբողջ չարությունը ձեր անգետ տերության առաջ, և իր ամբողջ նենգությունը քրիստոնեությամբ էր ծածկում։ Ուստի և դուք էլ նրան վստահելով՝ մեծապես պատվեցիք դրան, ավելի քան արժանի էր։ Դրա՛ն հավատացիք Վրաց երկիրը հարցրեք այդ երկրին՝ արդյոք գո՜հ են դրանից։ Դրա՛ն տվիք Սյունյաց իշխանությունը. իր ազգականներից լսեցե՜ք, թե ի՛նչ են պատմում դրա մասին։ Դրան Հայոց մարզպան դարձրիք. այն, ինչ որ ձեր նախնիքները մեծ աշխատությամբ էին ձեռք բերել, դա մի տարվա մեջ կորցրեց ամբողջ երկիրը։ Տեսա՞ր, որ երբ դրանից վերացավ աստծու պատվական անունը, որ կեղծությամբ էր կրում, բացեիբաց երևցավ դրա ամբողջ չարագործությունը։ Որովհետև եթե իր աստծու մոտ սուտ դուրս եկավ, էլ այս մահկանացուներից որի՞ առջև պետք է դա արդար ճանաչվի։

«Արդ, այն ամբողջ ամբաստանությունը, որ այժմ հայտնի եղավ դրա մասին, չէ՞ որ դուք առաջուց արդեն լսել էիք. բայց թե ի՞նչ դիտումով ծածկեցիք, դուք ինքներդ էլ լա՛վ գիտեք։ Ինձ այնպես է թվում, թե դա ձեզ սուտ հույսով է ուրախացրել։ Բայց ո՛չ դուք, ո՛չ դա և ո՛չ էլ ով ձեզանից հետո գալու է, այդ բանը չի կարող մեր մեջ տեսնել։ Ուրեմն, վարվեցե՛ք, ինչպես կամենում եք, մեզ էլ ի՞նչ եք հարցնում»։

Մեծ հազարապետը զարմացավ իր մտքում և ինքն իր մեջ քննում էր ատյանում ասված բոլոր խոսքերը։ Որովհետև հասկացել էր, որ այդ մարդը իրավացի կերպով դատապարտվեց իր անարժան գործերի համեմատ. ուստի մտավ արքունիք և ատյանում ասված բոլոր խոսքերը հայտնեց թագավորին։ Եվ երբ թագավորը լսեց և հազարապետից ստու-