Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեց այդ մարդու մեղավորությունը, սաստիկ բարկացավ և խոր խոցվեց, բայց կամեցավ համբերությամբ նրան մեծ անարգանքի հասցնել։ Տասներկու օր լուռ մնաց, մինչև որ ավարտվեց-պրծավ ամբաստանության հարցուփորձը։

Եվ մի նշանավոր օր հրամայեց բոլոր երևելի պատվավոր մարդկանց ընթրիքի կանչել։ Կանչեցին նաև ուրացողին. և նա՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագավ թագավորից ստացած պատվական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղեն խույրը և մարդարտով ու թանկագին ակներով հյուսված կռանակուռ ոսկեձույլ կամարը կապեց մեջքին, դինգերը կախեց ականջներից և մանյակը՝ պարանոցից, սամույրի մուշտակը գցեց ուսերին և թագավորից ստացած բոլոր շքազգեստները վրան առնելով գնաց արքունիք։ Նա բոլորից ավելի շքեղ և երևելի էր երևում բազմության աչքին։

Իսկ Հայաստանից կամավոր կերպով եկած նախարարներին, որոնք անձամբ իրենց անձը փորձության էին տվել, և առաջուց տեղ հասած սրբերին բոլորին շղթայակապ էին պահում Արքունի Դռանը։ Երբ նրան տեսան զարդարված ու շքեղացած և բազմաթիվ խմբով արքունիք գնալիս, իրենց մտքերում սկսեցին ծաղրել նրան և ասել. «Ո՜վ անխելք վաճառական, անմահ և անանց պատիվը տվիր և այդ անցավորը գնեցիր, և այդ էլ մոտ օրերս կորցնելու ես»։

Հասավ և նստեց ներսի դահլիճում, որ մեծամեծների ժողովատեղին էր։ Արդ՝ դուրս եկավ արքունի սենեկապանը, թագավորի կողմից հարցրեց նրան և ասաց. «Թագավորն [ինձ] ուղարկեց քեզ մոտ, թե՝ ումի՞ց ես ստացել այդ բոլոր պատվական շքազգեստները, ասա՛ ինձ շուտով, ո՞ր արդար ծառայություններիդ համար»։ Եվ հիշեցրեց նրան ատյանում ասված այն բոլոր խոսքերը, որով դատապարտվել էր. նույնիսկ այնպիսի բաներ էլ ասաց նրան, որ այնտեղ խոսված չէին։ Որովհետև նա օրինավոր կարգով չէր ստացել Սյունյաց աշխարհի իշխանությունը, այլ նենգությամբ ու քսությամբ սպանել էր տվել իր հորեղբայր Վաղինակին և ինքը գրավել իշխանությունը ինչպես արքունիքի համար վարձատրության