Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արժանի գործ կատարող էլի ուրիշ շատ խոսքերով դատապարտեցին նրան, և այդ բանին վկա էին բոլոր մեծամեծները։ Նա բոլորովին պապանձվեց, և ոչ մի ճշմարիտ խոսք չգտնվեց նրա բերանում։ Երբ երկու-երեք անգամ կրկնեցին՝ հասկացնելով թագավորին ներսում, մահվան վճիռ տրվեց նրա համար։

Արդ՝ դուրս եկավ դահճապետը, և շտապով մոտեցավ բոլոր մեծամեծների առաջ, հանեց նրանից արքունիքից ստացած շքազգեստները և նրան մահապարտի զգեստ հագցրեց։ Ոտներն ու ձեռները կապեցին և կնոջ նման մատակ ձի նստեցրին տարան և հանձնեցին այն զնդանը, որտեղ բոլորի մահապարտներն էին գտնվում։

Իսկ Հայոց նախարարներն ու սուրբ եպիսկոպոսները երեցների հետ միասին, թեպետև մեծ պատուհասի մեջ էին, ամենևին չէին հիշում այն նեղությունները, որ անցել էին նրանց գլխով և կամ որ սպասվում էին ապագայում էլ, այլ զարմացել էին այն մեծ հայտնության վրա, որ աստծուց եղավ։ Մխիթարում էին միմյանց և ասում, «քաջությամբ պատերազմեցինք, է՛լ ավելի մեծ համբերությամբ տանենք չարչարանքները։ Մեր սուրբ հայրերից լսել ենք, որ բոլոր առաքինություններից գլխավորը համբերությունն է, և կատարյալ աստվածպաշտությունը՝ երկնավոր իմաստություն. իսկ այս բանը ոչ ոք չի կարող առանց չարչարանքի ձեռք բերել։ Իսկ երբ չարչարանքը երկարաձգվում է, այն ժամանակ շատանում է նաև պարգևն ու վարձահատուցումը։ Եթե ուրեմն այդ այդպես է, աստծուց միմիայն այս խնդրենք, որ կարողանանք բոլոր փորձություններին դիմանար և Տերն ինքը կգտնի մեր փրկության հնարը»։

«Մենք լսել ենք Քրիստոսի քառասուն զինվորների դատաստանը, որոնք շատ հարվածներ ու տանջանքներ կրեցին: Նրանցից մեկը շտապեց-գնաց բաղանիք և զրկվեց պսակից. իսկ երեսունևինը համբերությամբ նահատակվեցին և հասան այն ավետիքին, որ ցանկանում էին։ Իսկ մեր այն ընկերակիցը, որ առաջուց բաժանվեց մեզանից, ահա Սատանայի գործակիցը դարձավ։ Հոգին մարմնից դեռ դուրս