Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ երբ այսպես ամեն կողմից հարվածներ կրեց ու տկարացավ, հենց այնտեղ կապանքների մեջ դժնդակ ցավերի մեջ ընկավ։ Նրա փորը եփ եկավ, նրա ծոցը ճզմվեց ու տրորվեց, և նրա թանձրամսությունը հալվեց-քամվեց։ Որդերը եռացին նրա աչքերի միջից և ցած թափվեցին քթածակերից։ Նրա ականջները ծանրացան, և սաստիկ ծակծկվեցին նրա շրթունքները։ Նրա բազուկների ջիլերը քայքայվեցին և ոտների կրունկները դեպի ետ ծռվեցին։ Մահվան հոտ փչեց նրանից և նրա ձեռնասուն ծառաները փախան նրանից։ Միմիայն լեզուն կենդանի մնաց նրա բերանում, բայց խոստովանություն չերևաց նրա շրթունքների վրա։ Ճաշակեց հեղձամղձուկ մահը և անհուն դառնությամբ դժոխք իջավ։ Նրան անարգեցին իր բոլոր սիրելիները, իսկ բոլոր թշնամիները չկշտացան նրան հասած այդ սաստիկ հարվածներից։

Եվ նա, որ հանցագործությամբ ուզում էր Հայոց աշխարհի վրա թագավոր լինել, նրա գերեզմանի տեղն էլ չգտնվեց. որովհետև մեռավ ինչպես շուն և քարշ տրվեց ինչպես էշ։

Նրա անունը չհիշվեց սրբերի շարքում, և նա չհիշատակվեց եկեղեցում սուրբ սեղանի առաջ։ Ոչ մի չարիք չթողեց, որ չգործեր իր կյանքում, և մեծամեծ չարիքներից ոչ մեկն էք չմնաց, որ նրա գլխով չանցներ մահվան ժամանակ։

Այս հիշատակարանը գրվեց նրա մասին՝ նրա հանցանքները կշտամբելու և նրան մեղադրելու համար, որպեսզի ամեն մարդ, որ լսի և իմանա այս բանը, նզովք կարդա նրա հետևից և նրա գործերին ցանկացող չլինի։