Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ման, և աներկյուղ ու անվախ հոժարությամբ սովորեցնում էին իրենց մոտ եկող մարդկանց։ Եվ Տերն էլ հաջողում էր նրանց զործը զանազան հրաշքներով, որովհետև հեթանոսական զորքից շատ հիվանդներ բժշկվում էին։

Իսկ անօրեն իշխանը երբ իմացավ, թե հայտնվեց իր խորամանկ մտադրությանը, և պատրաստված հուրը դեռ ոչ ոք նրա վրա չփչած՝ նրա վառվելը հայտնի դարձավ աստծու երկյուղածներին, սկսեց ծածուկ նետերով խոցոտել իր չար միտքը և անբուժելի վերքեր էր պատրաստում հոգիների և մարմինների համար։

Մերթ շանթում՝ գալարվում էր ինչպես մի թունավոր օձ, մերթ ձգվում՝ մռնչում էր ինչպես զայրացած առյուծ, ճմլվում ու թապլտկվում էր խարդախ մտադրությամբ և կամենում էր իր կամքը կատարել։ Քանի որ ձեռքը ձգել և բռնել չէր կարողանում,— որովհետև ամենքը միատեղ չէին նրա մոտ միևնույն վայրում,— այնուհետև սկսեց առաջ քաշել կրտսերներին ավագների միջից, և անարգներին պատվականների միջից, և տգետներին գիտունների միջից, և վախկոտներին քաջ մարդկանց միջից. և էլ ի՞նչ մեկ-մեկ թվեմ, բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում. մինչև անգամ հորն ու որդուն բաժանում էր միմյանցից։

Թեպետև բոլոր ազգերի վերաբերմամբ էր այս անկարգությունն անում, բայց ավելի Հայոց աշխարհի դեմ էր մարտընչում, որովհետև նրանց ավելի ջերմեռանդ էր տեսնում աստվածապաշտության մեջ, մանավանդ նրանք, ովքեր Հայոց նախարարների տոհմից էին և միամտությամբ պահպանում էին առաքյալների և մարգարեների սուրբ քարոզությունը: Նրանցից ոմանց խաբում էր ոսկով ու արծաթով, և շատերին էլ ուրիշ առատ պարգևներով. ոմանց էլ ագարակներ ոլ մեծամեծ գյուղեր շնորհելով, ոմանց մեծամեծ պատիվներով ու իշխանություններով։ Եվ ուրիշ դատարկ հույսեր էլ էր տալիս նրանց։ Եվ այսպես հրապուրում ու հորդորում էր շարունակ. «Եթե միայն, ասում է, մոգության կրոնը հանձն առնեք և ձեր մոլորությունից սրտանց դառնաք մեր երևելի