Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրոնի ճշմարտությանը, մեծությունների և ավագությունների կհասցնեմ [ձեզ] իմ սիրալի նախարարներին հավասար, և է՛լ ավելի կբարձրացնեմ»։ Եվ այսպես կեղծավորությամբ խոնարհվում էր ամենքի մոտ՝ խոսելով նրանց հետ սիրո պատրվակով, որպեսզի կարողանա նրանց խորամանկությամբ որսալ՝ խորհրդատուների առաջին խրատի համաձայն: Եվ այս բանն անում էր իր իշխանության չորրորդ տարուց սկսած մինչև տասնմեկերորդ տարին։

Եվ երբ տեսավ, որ ծածուկ հնարագիտությունը բանի տեղ չանցավ, այլ դիմացիններն ավելի շատ էին գործում,— որովհետև տեսնում էր, որ քրիստոնեությունն օրեցօր աճում-տարածվում էր հեռավոր ճանապարհի այն բոլոր կողմերը, որոնցով ինքն անցնում էր,— սկսեց հալումաշ լինել և հառաչելով հոգոց հանել։ Ակամա հայտնեց գաղտնի մտադրությունները. բարձրաձայն հրաման տվեց և ասաց. «Իմ իշխանության ներքո գտնված բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն [իրենց] մոլար կրոններից և գան երկրպագություն անեն միմիայն արեգակին, զոհեր մատուցելով և աստված անվանելով [նրան], և սպասավորելով կրակին. բացի այս ամենից՝ մոգության օրենքներն էլ կատարեն, առանց որևէ բան պակաս թողնելու»։

Այս ասելով՝ բարձրաձայն հրատարակում էր [հրամանը] մեծ բանակի մեջ և խիստ պատվեր էր տալիս ամենքին. և շտապով սուրհանդակներ էր ուղարկում բոլոր հեռավոր ազգերի մոտ, այդ նույն հրամանը հասցնում էր բոլորին։

Արդ, իր թագավորության տասներկուերորդ տարվա սկզբին անթիվ քանակությամբ զորք ժողովեց և հարձակվելով հասավ Իտաղական երկիրը:

Այս տեսնելով Շուշանների թագավորը՝ չկարողացավ պատերազմի դուրս գալ նրա դեմ, այլ փախուստ տալով ամուր անապատի կողմերը՝ թաքչելով ազատվեց իր ամբողջ զորքի հետ։ Իսկ սա ասպատակ սփռեց գավառների, տեղերի, վայտերի վրա. առավ բազմաթիվ բերդեր ու քաղաքներ, հավաքեց գերիներ, կողոպուտ ու ավար, և տարավ հասցրեց իր իշխանության [տակ գտնված] երկիրը։ Եվ ահա