Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնուհետև նույն դատարկ մտադրության հետևից ընկած՝ Հաստատվեց իր մոլար կարծիքի վրա, ասելով իր ամբարիշտ պաշտոնյաներին. «Ի՞նչ տանք մենք աստվածներին այս մեծ հաղթության փոխարեն, որ ոչ ոք չկարողացավ մեր դեմ պատերազմի դուրս գալ»։

Այն ժամանակ բոլոր մոգերն ու քավդեաները միաբերան իրենց ձայնը բարձրացրին և ասացին, «Աստվածները, որ քեզ տվին տերություն և հաղթություն քո թշնամիների դեմ, ամենևին կարիք չունեն քեզնից խնդրելու այս տեսանելի պատվական բաներից, միայն թե մարդկանց բոլոր մոլար ուսմունքները վերացնես և [բոլորին] զրադաշտական կրոնին դարձնես»։

Այս խոսքին հավանեցին թագավորն ու բոլոր մեծամեծները, մանավանդ նրանք, ովքեր կրոնի առաջնորդներն էին։ Խորհուրդ արին, և այդ խրատը հաղթող հանդիսացավ։

Այնտեղ՝ Պահ դռան ներսում, արգելեց Հայերի, Վրացիների և Աղվանների և այն բոլորի բազմաթիվ հեծելազորը, ովքեր հավատում էին Քրիստոսի սուրբ ավետարանին։ Եվ դռնապաններին խիստ հրաման տվին, որ դեպի Արևելք մեզ մոտ եկողներին ներս թողնեն, իսկ արևելքից արևմուտք փակ լինի ճանապարհը։

Եվ երբ արգելեց ու փակեց նրանց ամուր և անել վանդակի մեջ,— և իրավացի ասացի ամուր և անել, որովհետև այնտեղ փախչելու և թաքչելու տեղ չկա, քանի որ չորս կողմը թշնամիներ են բնակվում,— այն ժամանակ գործի ձեռնարկեց նրանց վերաբերմամբ և նրանցից շատերին թութացրեց մեծ չարչարանքներով ու պես-պես տանջանքներով, և ստիպում էր ուրանալ ճշմարիտ աստծուն և հավատալ տեսանելի տարրերին։ Իսկ զորականներն առհասարակ գեղեցիկ խորհրդով, արիասիրտ զորությամբ միաբան աղաղակում էին և ասում. «Վկա են մեզ երկինքն ու երկիրը, որ երբեք չենք ծուլացել արքունի ծառայության մեջ և ոչ էլ վախկոտություն ենք խառնել [մեր] արության ու քաջության հետ. և անողորմ են մեզ վրա [տեղացող] այս հարվածները»։

Եվ այնքան շատացավ նրանց գոռում-գոչումի ձայնը,