Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև որ ինքը թագավորն իր աչքով տեսավ կատարվող անցքերը, և տեղնուտեղը իսկույն երդումով հաստատեց ու ասաց. «Ձեզ չեմ զիջանի, մինչև չկատարեք իմ ամբողջ կամքն ու հրամանները»։

Եվ ահա չարասեր սպասավորները իրավունք ստացան, որ բուն ավագներից չորս զորականի մեջտեղ բերեն և սկսեն տանջել։ Նախ և առաջ նրանց դատաստանը տեսան խիստ ծեծելով, և նույն կապանքներով տարան բանտը գցեցին։ Իսկ մյուսներին [թագավորը] առժամանակ խաբեությամբ ներեց, և ամբողջ մեղքը գցեց բանտարկվածների վրա. և այս կատարում էր սատանայական խրատի համաձայն։

Իսկ տասներկու օրից հետո հրաման տվեց առատ և սովորական օրերից ավելի ճոխ ընթրիք պատրաստել և հրավիրեց քրիստոնյա զինվորականներից շատերին։ Եվ սեղանի պատրաստության ժամին՝ յուրաքանչյուրին իր նստելու տեղն էր շնորհում սեղանի շուրջը և խոսում էր նրանց հետ սիրով ու խոնարհությամբ առաջվա կարգի համաձայն, որպեսզի գուցե համաձայնեն զոհած միս ուտել, որ երբեք օրենք չէր ուտել քրիստոնյաներին։ Երբ ոչ մեկն էլ հանձն չառավ [ուտել], շատ էլ չստիպեց, այլ հրամայեց մատուցել նրանց սովորական կերակուրը, և առավելապես գինիով էր ճոխացնում սեղանի ուրախությունը:

Եվ երբ այնտեղից դուրս եկան արքունի սրահը, նրանցից ոմանց ձերբակալեցին՝ ձեռները հետևները կապելով և խոնջանները կնքելով, և զգուշությամբ պահում էին որին երկու և որին էլ երեք օր։ Շատ ուրիշ անարժան չարչարանքներ էլ էին տալիս, որ մինչև անգամ գրի առնել արժանի չենք համարում։ Եվ նրանցից ոմանց էլ ազնվական պատվից զրկելով քաշեցին և հեռացրին։

Եվ դարձյալ նրանցից խումբ-խումբ ուղարկում էին հեռավոր երկիր՝ անբնակ վայրերի ամրոցները, թագավորի թշնամիների դեմ պատերազմ մղելու համար. շատերը հենց այնտեղ էլ իրենց մահը գտան սրով։ Եվ բոլորի նշանակված թոշակները պակասեցնում էին, և քաղցով ու ծարավով տանջում նրանց, ձմեռելու համար դժնդակ տեղեր էին նշանակում