Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց և բոլորի աչքում անարգ ու վատթար նրա՛նց էին ցույց տալիս։

Իսկ նրանք Քրիստոսի սիրո համար մեծ ուրախությամբ էին հանձն առնում բոլոր չարչարանքները այն մեծ հույսի ակնկալությամբ, որ առաջուց պատրաստված է պատվիրանապահ համբերողների համար։ Որքան չարությունը ավելացնում էր անարգանքը, այնքան նրանք ավելի ևս զորանում էին Քրիստոսի սիրո մեջ. մանավանդ որ նրանցից շատերը սուրբ գիրքը սովորել էին մանկությունից, մխիթարում էին իրենց և քաջալերում ընկերներին, և որպես լույսի աշտարակ կատարում ու ավելացնում կին [քրիստոնեական] պաշտամունքը։

Այս պատճառով էլ հեթանոսներից շատերը, որոնց ախորժելի ու ցանկալի էին թվում [նրանց երգերի] ձայները, քաջալերում էին նրանց և մխիթարության խոսքեր ասում, թե լավ է մարդ մահու չափ չարչարանք կրի, քան այդպիսի կրոնն ուրանա։

Սակայն թեպետև նրանք Քրիստոսի սիրո պատճառով խիստ ուրախ և զվարթ էին ներքուստ, բայց [նրանց] արտաքին տեսքը շատ ողորմելի էր օտարության մեջ։ Այնպիսի պատվական զինվորությունը հասել էր չարաշուք և անարգ վիճակի, և հայրենի ազատությունը չարաչար կերպով գտնվում էր մարդախոշոշ բռնավորի ծառայության մեջ, որը արյունհեղությամբ հեթանոսների օրենքներից էլ գերազանցում էր և ամենևին չէր կարծում, թե այս ամենի համար կարող է երկնքում մի վրեժխնդիր լինել։

Այլև ոչ ոքի երկրավոր ծառայությունները չէր հիշում. և որ ամեն բանից մեծ է մարմնավոր կարգով, այնտեղ կային նախարարներից ոմանք, որոնք նրա եղբայրներին մեծացրել էին իրենց մայրենի կաթով, ամենից ավելի նրանց, էր տանջում։

Բացի այս ամենից՝ մի այլ չարություն էլ նյութեց։ Իր հավատարիմ ծառաներից մեկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայոց երկիրը. սա եկավ տեղ հասավ արքունի հրամանով, բերեց մեծ թագավորի ողջույնը, և խաղա-