Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղասեր կեղծավորությամբ ամբողջ Հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թե հարկերը ներելու և այրուձիու ծանրությունը թեթևացնելու նպատակով։ Թեպետև երեսանց կեղծավորություն էր անում, բայց ներքուստ երևում էին չարագույն դիտավորությունները։

Առաջին, եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց:

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրի հարկն ավելի ծանրացրեց։

Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց։

Եվ այս ամենն անում էր, որպեսզի գուցե քանդի միաբանությունը, և եկեղեցու ուխտը ցրվե, և միայնակյացներին փախցնի, և շինականներին տկարացնի. և չափազանց աղքատության պատճառով ակամա ընդունեն մոգական կրոնը։

Բայց ամենից վատթարը հինգերորդն էր. որովհետև նա, որ երկրի հազարապետն էր, համարվում էր քրիստոնյա աշխարհականների վերակացու հայրը. սրա դեմ գրգռելով ամբաստանություն հարուցեց, և նրան գործից հանելով՝ նրա փոխարեն մի պարսիկ բերեց [մեր] աշխարհը, և մի մոգպետի էլ աշխարհին դատավոր [կարգեց], որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնեն։

Սակայն թեպետև այս բոլոր գործերը դժնդակ էին, բայց դեռ ոչ ոք հայտնի կերպով ձեռք չէր տվել եկեղեցուն. այդ պատճառով էլ ոչ ոք նրան չընդդիմացավ, թեև հարկերը ծանր էին։ Որովհետև որտեղից պետք էր հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում. այսպես էլ [հարկի տակ] դրին եպիսկոպոսներին և երեցներին, ոչ միայն շեն, այլև ավերակ տեղերը։ Մանավանդ ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա։ Առնում էին ո՛չ թե ինչպես վայել է պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով, այն աստիճան, որ իրենք էլ մեծապես զարմանում էին՝ թե մի